Արմինֆո. Երևանում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) պատշաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով 2026 թվականի հոկտեմբերին համաժողովի կազմակերպման և անցկացման մասնագիտացված ծառայությունը կգնվի մեկ անձից: Համապատասխան որոշումը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության օգոստոսի 21-ի նիստում։
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2025 թվականի հուլիսի 31-ի 1039-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման, որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2025 թվականի հուլիս ամսին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունը դիմել է շրջակա միջավայրի նախարարին՝ խնդրելով Համաժողովի պատշաճ կազմակերպման նպատակով ապահովել Համաժողովի կազմակերպման և անցկացման մասնագիտացված ծառայության (Professional Conference Organizer (PCO)) առկայությունը։ Վերջինս պետք է լինի տեղական կազմակերպություն՝ մեծ կոնֆերանսների և միջոցառումների կազմակերպման հավաստված փորձով։ Ընդ որում՝ գրությամբ հայտնվել է, որ կազմակերպությունը պետք է ընտրված և գործընթացում ամբողջությամբ ներգրավված լինի մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը, ինչը հրատապ է դարձնում Համաժողովի կազմակերպման և անցկացման մասնագիտացված ծառայության ձեռքբերման անհրաժեշտությունը։
Նշվում է, որ նման համաժողովների կազմակերպման լավագույն միջազգային փորձի կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ սույն որոշման շրջանակներում Համաժողովի կազմակերպման և անցկացման մասնագիտացված ծառայություններ մատուցող կազմակերպության ընտրությունը կատարվելու է Կոնվենցիայի քարտուղարության կողմից՝ նման եղանակով ապահովելով ձեռք բերված ծառայության նկատմամբ պատասխանատու և մասնակցային որոշման կայացումը։
Գնվող ծառայությունների արժեքը չի գրապարակվում:
2024 թվականի հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվեց կողմերի 17-րդ համաժողովը հյուրընկալող երկիր:
ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան երեք հիմնական միջազգային բնապահպանական կոնվենցիաներից մեկն է, որն ուղղված է շրջակա միջավայրի կայունության ապահովման, կենսաբանական բազմազանության պահպանման, էկոհամակարգերի վերականգնման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի կարգավորմանը: Կոնվենցիայի կողմերի համաժողովները բնապահպանական խոշորագույն միջոցառումներից են, որոնք տեղի են ունենում յուրաքանչյուր երկու տարին մեկ, և որոնց ընթացքում մասնակից երկրները մշակում են կոնվենցիայի դրույթների իրականացման մեխանիզմներ և ստանձնում նոր պարտավորություններ բնական ռեսուրսների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Համաժողովների աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում ՝ հասարակական կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, գիտական հանրության, կանանց և երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: