ԱՄԲՈՂՋ ՎԱՇՏԸ ԶՈՀՎԵԼ Է ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ, ՄԻԱՅՆ ՄԵԿՆ Է ՓՐԿՎԵԼ

 Օգոստոսի 19-ը, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս, ծնունդով Շիրակի մարզի Ազատան գյուղից ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 24 տարեկան։

Iravunk.com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Ազատանի հերոսների պանթեոնում գտնվող նրա հուշարձանին այցելեցին հարազատներ, որդեկորույս ծնողներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։

Անմահ հերոսի մայրը ԱԼՄԱՍՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց. «2019 թվականի դեկտեմբերին էր անցել պարտադիր ժամկետային ծառայության Հրաչս։ 2020 ֊ի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի ժամանակ որդիս կռվել է Ջրականում, պատերազմի թեժ օրերին ժամանակ էր գտնում ու զանգում մեզ, հավատացնում, որ ամեն ինչ լավ է։ Հրաչս, մեզ ստել էր ասելով, որ հոկտեմբերի 4-ին իրեն տեղափոխել են Ջրական, իսկ հոկտեմբերի 6-ին կրկին տեղափոխել Մեղրի։ Սակայն, հենց ամսի 1-ից Ջրականում է եղել, թեժ մարտերի մասնակցել։ Դեպքն էլ տեղի է ունեցել այդտեղ հենց Ջրականում, հոկտեմբերի 9-ին։ Պատերազմին իրենց ամբողջ վաշտը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից, մեքենայի մեջ, միայն մեկն է փրկվել։ Հրաչս իմ ուժն էր, իմ շունչը, հույսը, թևերը, որ կտրեցին։ Հրաչիցս հետո կյանքը կանգ է առել։ Նա շատ նպատակներ ուներ, սեփական տուն կառուցել, մեքենա ունենալ, զբաղվել հողագործությամբ։ Որդիս ինձ պատմում էր, որ պատերազմական ծանր օրերին կարողացել է խուսափել թշնամու արկի 2 հարվածից ու վստահեցրել, որ իրեն ոչինչ չի պատահի։ Ասում էր մամ ջան, էս ուրիշ կռիվ է, մեր կռիվն է, էս հարցը մենք պիտի լուծենք, որ մեր երեխաները էլ չգնան կռիվ»։ Անմահ հերոս Հրաչ Մահտեսյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Leave a Comment