Իրանի և Հայաստանի միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ 9 հուշագիր․ ԶԼՄ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանում 9 հուշագիր է ստորագրել մշակույթի, արվեստի և առևտրի ոլորտներում, հայտնել է Tasnim գործակալությունը։

Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Հաջի Միրզային, խոսելով այցի մանրամասների մասին, նշել է, որ չնայած լեզվական և մշակութային տարբերություններին՝ Իրանը և Հայաստանը ընդհանուր քաղաքակրթության մաս են կազմում։

Նրա խոսքով՝ հարցման համաձայն, Հայաստանի բնակչության 85%-ը դրական վերաբերմունք ունի Իրանի նկատմամբ։ Նա հավելել է, որ Իրան-Իսրայել հակամարտության ժամանակ Հայաստանի ժողովուրդը ուշադիր հետևել է իրադարձություններին և ուրախություն է հայտնել Իրանի հաղթանակների համար։

Նա հավելել է, որ այս ուղևորության ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել երևանաբնակ իրանցիների հետ, ինչպես նաև այցելություն Երևանի Կապույտ մզկիթ, որը դարերի պատմություն ունեցող ամենահին մզկիթներից մեկն է։ Բացի այդ, նախատեսվում է հանդիպում Հայաստանի վարչապետի հետ, որի շրջանակներում կստորագրվեն համագործակցության ինը հուշագրեր մշակույթի, կինոյի, թանգարանային փոխանակումների և առևտրային համագործակցության ոլորտներում։

Հաջ Միրզային ընդգծել է, որ այցի հիմնական ուղղություններից մեկը իրանցի և հայ ձեռնարկատերերի հետ համատեղ հանդիպումն է։ Իրանցի գործարարների խումբը երեկ ժամանել է Երևան և արդեն սկսել է բանակցություններ իրենց հայ գործընկերների հետ։ Այս հանդիպումը, նրա խոսքով, կշարունակվի Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ և կավարտվի համատեղ հայտարարության ընդունմամբ։

Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է. «Առևտրի ոլորտում մենք ուշադրություն ենք դարձնում ինչպես բարտերային մոդելին, այնպես էլ երկու երկրների միջև սահմանային գործունեության զարգացմանը։

Իրանի և Հայաստանի միջև առևտուրը նախորդ տարի աճ է գրանցել, բայց դեռևս անհրաժեշտ է այն ավելի ընդլայնել։ Առևտրային համագործակցության զարգացումը այս այցի հիմնական նպատակներից մեկն է»։

Իր ելույթի մեկ այլ մասում, անդրադառնալով քաղաքական և տարածաշրջանային համագործակցությանը՝ նա նշել է. «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանը չպետք է լինի արտաքին տերությունների ազդեցության ասպարեզ: Տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները ունակ են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, և այս այցի ընթացքում մենք կփոխանցենք մեր մտահոգություններն ու տեսակետները այս հարցի վերաբերյալ։ Մենք հույս ունենք, որ համագործակցության զարգացումը կհանգեցնի տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը»։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության։

Օգոստոսի 10-ին Իրանի իշխանությունները հայտնել էին, որ Սյունիքով անցնող միջանցքի նախագիծը, որը համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, հաշվի է առնում Թեհրանի հիմնական պահանջները՝ տարածքային ամբողջականության պահպանում, Եվրոպայի հետ կապ և հյուսիսային ուղղությամբ երթուղու չարգելափակում:

Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել էր, որ տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն կարող է բացասաբար ազդել խաղաղության և կայունության վրա, բայց ընդհանուր առմամբ ողջունել էր համաձայնագրի ստորագրումը:

Մինչ այդ, Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանը կխոչընդոտի ամերիկյան «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, ինչը, ըստ նրա, կհանգեցնի Հայաստանի «քայքայմանը»:

Leave a Comment