Հայաստանի օրվա իշխանության ցուցաբերած հռետորաբանությունը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ բավական լայն քննարկումների առիթ է դարձել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնագիտության ամբիոնի դասախոս, աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
— Հայաստանյան իշխանության հռետորաբանությունն է սրվել՝ սկսած եպիսկոպոսների կուսության խնդրից մինչեւ եկեղեցին չուլանների հետ համեմատելը։ Երբեւէ որեւէ անգամ մուսուլման ղեկավար, կարծես, նման հայտարարություն իրեն թույլ չի տվել։ Ինքներդ ի՞նչ գնահատական կտաք այս հանգամանքին։
— Ես արդեն բազմիցս տվել եմ իմ գնահատականը, հատկապես վերջին մի քանի օրերին։ Ամենից շատն եմ խոսել այդ ամենի մասին՝ մինչեւ այն աստիճան, որ ինքս էլ արդեն ձանձրացել եմ այդ իրողությունից։ Ուղղակի կարող եմ ասել, որ հիմնական հարցն այն է, որ աշխարհիկ իշխանությունները չպետք է զբաղվեն եկեղեցու խնդիրներով։ Դա հիմնականում տեղի է ունենում կաթողիկոսի ընտրությունների ժամանակ։ Այսինքն՝ կաթողիկոսի ընտրությունները մեզանում իրականացվում են ճնշող մեծամասնությամբ՝ աշխարհիկների կողմից։ Մեկ անգամ եւս պետք է կրկնեմ՝ ուշադրությունը սեւեռեք հենց այդ՝ ճնշող մեծամասնությանը։ Իսկ եթե հենց այդ տեսանկյունից ասենք, ապա կաթողիկոսը դիտվում է որպես Աստծո ընտրյալ։
Այժմ՝ կոնյուկտուրայից ելնելով, երեւի թե, ինչ–որ խնդիրներ են առաջացել, եւ դրա արդյունքում արվում են այդպիսի անհասկանալի հայտարարություններ, երբ, ըստ էության, տեղի է ունենում Հայոց Առաքելական Եկեղեցու արատավորման փորձ՝ մոռանալով, որ սա ժողովրդի խոշորագույն կառույցն է՝ 1700 տարվա պատմությամբ, եւ աներեւակայելի ներդրում ունի հայ ժողովրդի պատմության մեջ։ Եկեղեցին եղել է ժողովրդի աներեւակայելի չարչարանքի եւ տանջանքի ուղեկիցը։ Այսինքն՝ այն ընկերը, որի շարքերում եղել են պաշտոնաթող, տարիքով հոգեւորականներ, ովքեր անձամբ հրաժարական էին տվել, բայց եղեռնի ժամանակ, երբ իրենց հոտը սկսել էր արտագաղթել՝ սպառնալիքի տակ կոտորվելու ճանապարհներին, նրանք՝ այդ ամենը իմանալով, վերադարձել եւ կանգնել են իրենց հոտի գլխին՝ գնալով նահատակության։ Մենք ինչպե՞ս կարող ենք այժմ այդ ամենի վրայով անցնել։ Ի՞նչի մասին է խոսքը։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ