Հունգարիան սպառնում է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի վաճառքը՝ ՌԴ-ում նավթամուղի վրա հարձակման պատճառով

Բուդապեշտը սպառնում է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի վաճառքը: Հունգարիան մնացել է առանց ռուսական նավթի Բրյանսկի մարզում նավթամղիչ կայանի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան։

«Ուկրաինան կրկին հարձակվել է Հունգարիա տանող նավթամուղի վրա, որի հետևանքով մեր երկիր նավթի փոխադրումը դադարեցվել է»,- ֆեյսբուքում գրել է Սիյարտոն:

Ըստ նրա՝ սա «երկրի էներգետիկ անվտանգության վրա ևս մեկ հարձակում է», ինչն «անընդունելի և վիրավորական է»:

Սիյարտոն տեղեկացրել է, որ Ռուսաստանի տարածքում փորձում են հնարավորինս շուտ վերականգնել խողովակաշարի շահագործման համար անհրաժեշտ տրանսֆորմատորային կայանը, առայժմ հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն առաքումները:

Պաշտոնյան, միաժամանակ, հայտարարել է, որ Բրյուսելն ու Կիևը, իբր, «երեքուկես տարի փորձում են Հունգարիային ներքաշել Ուկրաինայի պատերազմի մեջ»:

«Սա մեր պատերազմը չէ, սա մեր գործը չէ, մենք չենք ուզում միջամտել, և քանի դեռ մենք ենք իշխանության, չենք միջամտի»,- գրել է հունգարացի դիվանագետը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ի գիշերը ուկրաինական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բրյանսկի մարզի «Դրուժբա» նավթատարի պոմպակայանի վրա։

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի գնահատականների համաձայն՝ ուկրաինական կողմից ձեռնարկություններին և ենթակառուցվածքային օբյեկտներին հարվածները Ռուսաստանի եկամուտները կրճատել են 74 միլիարդ դոլարով։

 

 

Leave a Comment