Շնորհավորանքներ` հոբելյանի առթիվ. Սամվել Կարապետյանը 60 տարեկան է. azg.am


Ներքաղաքական

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանի  կալանավորումը վրդովմունքի ալիք է բարձրացրել և հասարակական լայն հնչեղություն է ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհի հայկական սփյուռքում։

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը կալանավորվել է հունիսի 18-ին՝ Հայ առաքելական եկեղեցուն սատարող հայտարարություն անելու համար։  

Գործարարը մեղադրանքը չի ընդունում, նա պնդում է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական բնույթ ունի: Նրա խոսքով՝ Հայաստանի դատական ​​համակարգը կախված է արտաքին ճնշումներից։ Հանրությանն ուղղված իր ուղերձներում նա շնորհակալություն է հայտնել բոլորին, որոնք աջակցում են իրեն և իր ընտանիքին: Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ միշտ կլինի իր ժողովրդի կողքին և կաշխատի հանուն Հայաստանի ապագայի։ Ճանաչված գործարարի պաշտպանական խումբը ևս պնդում է, որ Կարապետյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է:

Օրերս ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և Սամվել Կարապետյանի կալանավորումը երկարաձգեց ևս երկու ամսով:

Հայազգի գործարարի կալանավորման օրվանից նրա կողմնակիցները, այդ թվում՝ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ և հայտնի արտիստներ, իրենց հրապարակային ելույթներով և նամակներով աջակցություն են հայտնել գործարարի ընտանիքին։ Իսկ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը ռուսական լրատվամիջոցներին մասնավորապես ասել է հետևյալը․ «Սամվել Կարապետյանը շատ հայտնի, հարգված անձնավորություն է, նրան ամբողջ աշխարհում ճանաչում և հարգում են որպես գործարար և բարերար։ Նա շատ բան է անում հանրապետության և աշխարհի հայերի համար»։ Արա Աբրահամյանը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի հայերի միությունը ստորագրել է նամակ՝ ի պաշտպանություն Կարապետյանի, որը ստորագրել են 40 տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարներ։

Օգոստոսի 18-ին լրանում է Սամվել Կարապետյանի 60-ամյակը։ Իր այդ նշանակալի հոբելյանը մեր հայրենակիցը կդիմավորի անազատության մեջ։

ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԸ օրերս Մոսկվայում հանդիպեց մի շարք անձանց՝ խնդրելով հայտնել իրենց սրտի խոսքը ճանաչված գործարարի և բարեգործի ծննդյան հոբելյանական տարեդարձի առթիվ։

Միանալով բոլոր բարեմաղթանքներին՝ ներկայացնում ենք այդ խոսքերը․

Վլադիմիր Պետրոսյան

Մոսկվայի կառավարության նախկին նախարար, Մոսկվա քաղաքի բնակչության սոցիալական պաշտպանության վարչության նախկին  պետ

Ես երբեք չեմ կասկածել Սամվել Կարապետյանը քայլերի ճշմարտացիության մեջ, գտնում եմ, որ նա ընտրեց ճշմարիտ ուղին և այդպես էլ կշարունակի ապրել և պայքարել։ Արդարությունը անպայման կհաղթի, որովհետև նրա կողքին կանգնած են միլիոնավոր մարդիկ․ նրանք, ովքեր ճանաչում են նրան որպես մարդասեր, ազնիվ, արդար և հայ ժողովրդի արժանի զավակ։

Այսօր, երբ Սամվել Կարապետյանն անարդարացիորեն կալանավորված է Հայաստանում, քաջալերանքի և աջակցության խոսքերը նրա համար առավել քան կարևոր են։

60-ամյա հոբելյանի առթիվ մաղթում եմ նրան քաջ առողջություն, որովհետև այս ծանր փորձությունների մեջ նա պետք է նախ և առաջ հոգ տանի իր, ապա՝ հարազատների, ընտանիքի և ամբողջ հայ ժողովրդի մասին։

Խոսքս ուղղում եմ նաև նրա տինոջը․

Սիրելի Էթերի,  մաղթում եմ, որ երբեք չկորցնեք հույսը։ Դուք ուժեղ կին եք և եղել եք ամուր թիկունք Ձեր ամուսնու կողքին ամբողջ կյանքում, և այդպես էլ կմնաք։ Ձեր այս անսասան աջակցությունն ու ընտանիքի միասնականությունը օգնում են դիմանալ և հաղթել։ Սամվել Կարապետյանի զավակներին ու բարեկամներին մաղթում եմ համբերություն և միասնականություն՝ այս դժվար օրերում։

Մեր ժողովրդին մաղթում եմ միասնություն և ըմբռնում։ Սամվել Կարապետյանը երբեք անձնական շահ չի հետապնդել։ Նա դարձավ զոհ միայն այն բանի համար, որ կանգնեց իր ժողովրդի կողքին՝ նրա ապագայի, արդարության, պատվի և մեր փոքր հայրենիքի՝ Հայաստանի համար։

Մենք բոլորս էլ գիտենք, և դա գաղտնիք չէ, որ նա միշտ գործել է հանուն արդարության և հանուն երկրի արժանապատվության։

 Թող որ նախանձը երբեք չխլի աշխարհի ամենախելացի ժողովուրդներից մեկի՝ մեր իսկական հայկական դեմքը։

Սիրելի՛ Սամվել, անցյալ տարի մենք պայմանավորվել էինք, որ քո 60-ամյակը պետք է միասին նշենք Երևանում։ Մենք, այնուամենայնիվ, այդ օրը, քո ժամանակավոր բացակայության պայմաններում, կնշենք քո հոբելյանը, որովհետև բոլորս հոգով և սրտով միասին ենք և ոչ ոք չի կարող հանել քեզ մեր սրտերից։

Շնորհավոր 60-ամյակդ, սիրելի՛ Սամվել Կարապետյան։ Թող այս հոբելյանը լինի հավատքի, արդարության և պատվի տոն։ Թող Աստված քեզ պահպանի և օգնի։

Գարեգին Թոսունյան

Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ,

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս

Շնորհավորում եմ հարգարժան Սամվել Կարապետյանին՝ 60-ամյա տարեդարձի կապակցությամբ։

Նա բոլորին հայտնի է որպես ստեղծագործ, կառուցողական անձնավորություն, որն ունի շինարարության և արտադրության ոլորտներում իրականացված բիզնեսների հսկայական փորձ՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում։

Դուք գիտեք, թե ինչպես հասնել նպատակներին և միևնույն ժամանակ միշտ հավատարիմ մնալ սկզբունքներին՝ առանց հպարտության և նարցիսիզմի, առավելագույն բարի կամքով և շփման հարմարավետությամբ։

Դուք բիզնես էլիտայում հանդիպող հազվադեպ մարդկանցից եք։ Դուք մեծ բարձունքների եք հասել բիզնեսի զարգացման գործում, ինչպես նաև շատ բան եք արել բարեգործական ոլորտում, մասնավորապես՝ Հայ եկեղեցուն աջակցելու և բազմաթիվ այլ բնագավառներում։

Դուք բարոյական և հոգևոր սկզբունքներով մարդ եք, ուստի հասկանում եք, որ եկեղեցին ցանկացած ազգի հիմնարար հիմքերից մեկն է, և Հայաստանի համար դա հատկապես նշանակալից է։

Ձեր բարձր հեղինակության աղբյուրը ձեր բազմակողմանի գործունեությունն է։

Դուք մարդ եք՝ առանց ավելորդ ամբիցիաների, առանց ձեր սեփական կարևորությունը ցուցադրելու, ինչը հատկապես սիրելի է մտածող այն մարդկանց համար, ովքեր հարգում են մտքի անկախությունը և հավատարմություն են ցուցաբերում բարու և չարի մասին իրենց պատկերացումներին։

Վստահ եմ, որ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը կարող են հպարտանալ Ձեր նման մարդկանցով։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ուժ և կամք, որոնք հատկապես անհրաժեշտ են հիմա։

Կամո Հայրապետյան

Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության տարածաշրջանային մասնաճյուղի նախագահ

Հարգելի՛ Սամվել Կարապետյան․

«Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային մասնաճյուղի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ 60-ամյակի կապակցությամբ։

Ձեր կյանքը Ձեր ժողովրդին նվիրվածության, անխոնջ աշխատանքի և ստեղծագործելու ձգտման պայծառ օրինակ է։ Որպես «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր, ինչպես նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ՝ Դուք հսկայական ներդրում եք ունեցել Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների զարգացման, խոշոր նախագծերի իրականացման և երկու եղբայրական երկրների միջև կապերի ամրապնդման գործում։ Ձեր՝ որպես բարեգործի և հասարակական գործչի գործունեությունը ոգեշնչման աղբյուր է շատերի համար՝  նպաստելով հայկական ինքնության պահպանմանը և աջակցելով աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայկական համայնքներին։

Այսօր, չնայած անարդար հանգամանքներին և ՀՀ իշխող քաղաքական ուժի կողմից անհիմն հալածանքներին՝ Դուք շարունակում եք ամբողջ աշխարհին ցույց տալ Ձեր ոգու ուժը և հավատը ապագայի նկատմամբ՝ ստեղծելով «Մեր ձևով» հասարակական շարժումը։

Հայաստանի զարգացման և բարգավաճման Ձեր ծրագրերը վկայում են Ձեր խորը պատասխանատվության, հայրենիքի նկատմամբ ունեցած սիրո և կառուցողական փոփոխությունների ձգտման մասին։

Մենք մեր անսասան աջակցությունն ու վստահությունն ենք հայտնում, որ ճշմարտությունը կհաղթանակի, և Ձեր բարի ձեռնարկումները արձագանք կգտնեն միլիոնավոր մարդկանց սրտերում։

Այս նշանակալի օրը մաղթում եմ Ձեզ առողջություն, տոկունություն, անսպառ էներգիա և հաջողություններ բոլոր ձեռնարկումներում, որոնք գրավում են ամբողջ աշխարհի հայերի ուշադրությունը։ Թող Ձեր ուղին լուսավորվի ձեր սիրելիների, ընկերների և համախոհների աջակցությամբ, և թող Ձեր ջանքերը բարգավաճում և բարեկեցություն բերեն հայ ժողովրդին և Հայաստանին։

Դիանա Գուրցկայա

Երգչուհի, հասարակական գործիչ, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ Հանրային պալատի անդամ

Սամվել Կարապետյանը նշում է իր հոբելյանը՝ 60-ամյա տարեդարձը։

Նա մեծատառով մարդ է՝ օժտված է խորը իմաստությամբ, կյանքի անսպառ սիրով, ոգու զարմանալի ուժով և անկոտրում կամքով։

 Մաղթում եմ Սամվել Սարգիսովիչին, իր բազմաթիվ ակնառու հատկանիշների շնորհիվ, արժանապատվորեն հաղթահարել և մեղմել կյանքի ճանապարհին հանդիպող բոլոր խոչընդոտները։

Թող Ձեր պահապան հրեշտակը միշտ պաշտպանի Ձեզ։

Շնորհավոր ծնունդդ։

Գեորգի Մելքոնյան

Մոսկվայի քաղաքային առողջապահության վարչության պատերազմի վետերանների թիվ 3 հիվանդանոցի գլխավոր բժիշկ

Հարգելի՛ Սամվել Կարապետյան, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ տարեդարձի կապակցությամբ:

Ես Ձեզ ճանաչում եմ որպես իսկական հայրենասերի և բարեգործի, ով շատ բան է արել և շարունակում է անել Հայաստանում և Ռուսաստանում։ Ձեզ գիտեմ որպես իսկական քրիստոնյայի, ով միշտ կանգնած է Եկեղեցու կողքին և օգնում է բոլոր նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն:

Ձեր սխրանքները կգնահատվեն բազմաթիվ սերունդների կողմից:

Դուք մեծ սրտի տեր մարդ եք: Դուք իմաստուն եք, դիմացկուն, նպատակասլաց և արդար: Վստահ եմ, որ այն դժվարությունները, որոնք այժմ պատահել են Ձեզ և Ձեր ընտանիքին, Դուք կհաղթահարեք պատվով և արժանապատվությամբ, և դրանք Ձեզ ավելի կուժեղացնեն:

Հարգելի՛ Սամվել Սարգիսովիչ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ոգու ամրություն, առաջացած բոլոր դժվարությունների արագ լուծում, և վերամիավորում՝ Ձեր սիրելիների հետ:

Սկզբնաղբյուրը՝ azg.am

Leave a Comment