Հայաստսան հարավից ներթափանցում են արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնք առաջիկա 5–6 օրերին չեն նահանջելու․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստսան հարավից ներթափանցում են արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնք առաջիկա 5–6 օրերին չեն նահանջելու։
Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Օգոստոսի 18–19–ն ընկած ժամանակահատվածում Լոռիում, Տավուշում և Սյունիքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 8–10 աստիճանով, իսկ մյուս մարզերում, այդ թվում՝ նաև Երևանում, 4–6 աստիճանով», – ասաց Սուրենյանը։
Նրա խոսքով, ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 19–20–ն ընկած ժամանակահատվածում, իսկ ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը և Երևանի ցածրադիր գոտին, որտեղ ցերեկային ժամերին սպասվում է +38․․․+39 աստիճան։
«Առաջիկա հինգ օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ նաև Երևանում, բարձր կարգի հրդեհային իրավիճակ կլինի, այնպես որ խնդրում ենք պահպանել հրդեհի անվտանգության կանոնները», – նշեց Սուրենյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ անցած շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալիորեն նվազել էր։ Հայաստանի լեռնային մարզերում, այդ թվում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում նույնիսկ բավականին սառն էր։