«Վրեժխնդրություն է»․ կալանավորված պատգամավորի նամակը՝ ՔԿՀ-ից – Armenia Today

ԱԺ «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակ է փոխանցել և հայտարարել, որ ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մասին ««Սրբազան պայքարի» գործը պարզապես վրեժխնդրություն է»։

Նա նշել է, որ մեծածավալ գործողություններ չեն իրականացվել, քանի որ հիմքեր չկան՝ «գործ չկա»։ Պատգամավորը շարունակել է պնդել նաև, որ Քննչական կոմիտեի՝ իրենց վերագրվող ««խոսակցությունը մոնտաժել են»։

«Մենք դուրս էինք եկել այս իշխանությունների դեմ պայքարի, և նույնիսկ իրենց, այլևս բոլորի համար պարզ դարձած մոնտաժված, մի տեղ փոխված, մի տեղ հարմարեցված ձայնագրություններից էլ պարզ էր, որ սա քրեական գործ չէր կարող լինել: Սա քրեական վարույթ չէ, ուղղակի վրեժխնդրություն է այն մարդկանցից, ովքեր չեն ուզում ստորացված ու կեղծ խաղաղություն։ Սա վրեժխնդրություն է արժանապատիվ խաղաղություն պահանջողներից»,- հայտարարել է նա։

Սարգսյանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում դատարանում «շինծու մեղադրանքը վերանալու է, քանի որ գոյություն չունի»։

«Թեև սահմանափակված եմ բանտի պատերով ու զրկված եմ ընկերներիս հետ շփման հնարավորությունից, բայց վստահաբար կարող եմ ասել, որ բանտարկություններն ու հետապնդումները այլևս ոչ մեկին չեն վախեցնում, չեն ընկճում, այլ էլ ավելի են ամրապնդում ու ուժեղացնում»,- եզրափակել է նա։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 7-ին ԱԺ-ում ներկայացրել էր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը, ինչին իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կողմ էր քվեարկել: Սարգսյանին կալանավորել էին հուլիսին՝ «Սրբազան պայքար» շարժման գործով։ Պատգամավորը մեղադրվում է հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու մեջ։

Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և նրա 14 աջակից հունիսի 26-ին կալանավորվել էին ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեղադրանքով: Նրանք մեղքը չեն ընդունում:

Leave a Comment