Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել արհեստական բանականությամբ ռուսաստանյան դրոններ մշակողների դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է թիվ 599/2025 հրամանագիրը, որով ուժի մեջ է մտցրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ օգոստոսի 16-ի՝ անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցների կիրառման մասին որոշումը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի պետության ղեկավարի թիվ 599/2025 հրամանագրին և պատժամիջոցների քաղաքականության հարցերով նախագահի լիազոր Վլադիսլավ Վլասյուկի՝ լրագրողներին արված հայտարարությանը։
Ռուսաստանն ակտիվորեն զարգացնում է անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները՝ խաղադրույք կատարելով ինքնավարության, ճշգրտության և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների նկատմամբ կայունության վրա, գրում է ուկրաինական լրատվամիջոցը։
Դրա համար անհրաժեշտ են ժամանակակից էլեկտրոնային բազա և մեծ հաշվողական ռեսուրսներ։ Հենց այդ տեխնոլոգիաների մատակարարներն ու մշակողներն են ընդգրկվել պատժամիջոցների փաթեթում։
Խոսքը պատժամիջոցների հերթական փաթեթի մասին է, որն ուղղված է արհեստական բանականության կիրառմամբ ռուսաստանյան անօդաչու տեխնոլոգիաների զարգացման մեջ ուղղակիորեն ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների դեմ։
Ցանկում հայտնվել են ռուսաստանյան «Պրոգմատիկ» և «Խելացի թռչուններ» ընկերությունները, չինական Dongguan Standard Trading Co., Zhejiang Lianxing Machinery Co., Guangzhou Benquan Import & Export, Shenzhen Sky Bow Navigation Technology, Harbin Bin-Au Technology Development, Topscom Precision Industry ընկերությունները, «Նեյրոլաբ» արհեստական բանականության տեխնոլոգիաների ռուսաստանյան կենտրոնը, Անօդաչու համակարգերի և տեխնոլոգիաների կենտրոնը (ԱՀՏԿ)։

Leave a Comment