Իրանական հեղինակավոր գեներալ Մանսուր Հաղիղաթպուրը Iran 24-ին տված հարցազրույցում մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» թեման` գնահատելով այդ հարցում նախագահ Պեզեշկիանի դերը:
Գեներալի գնահատմամբ, ներկա տեսքով միջացքի գաղափարն Իրանի համար միանգամայն անընդունելի է: Այսինքն, Իրանը պետք է կամ ունենա իր սեփական մասնակցությունը Զանգեզուրում, կամ, եթե չունի, անհրաժեշտ է պատրաստել այլընտրանքային ծրագիր։
Ապա Հաղիղաթպուրը, գնահատելով Պեզեշկիանի հայտնի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» մասին, այն համարել է «միամիտ»։
«Պարոն Պեզեշկյանը խոստացել է, որ կհիմնվի փորձագետների կարծիքների վրա։ Նրանք պետք է օգտագործեն փորձագետների փորձը Ադրբեջանի և Հայաստանի հարցերում, իհարկե, բացառությամբ իր սեփական որդու»,- ասում է իրանցի զինվորականը։
Թե ինչ կապ ունի այս ամենի հետ նախագահի որդին, գեներալը բացատրում է այսպես. «Մենք չենք ընդունում նախագահի որդու տեսակետներն ու գաղափարները Զանգեզուրի հարցի վերաբերյալ։ Պեզեշկյանի որդին գործում է պանթուրքական շարժման համահունչ»։
Մեղադրանքը, հասկանալի է, շատ լուրջ է եւ խորքային: Խոշոր հաշվով, Պեզեշկիանի հասցեին Իրանում արդեն իսկ կան ուղղված մեղադրանքներ, որ նա, որպես ծագումով արեւելյան ադրբեջանցի, Իրանի իրական շահերին դեմ գնացող մոտեցումներ ունի թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ: Ու երբ արդեն բացահայտ մեղադրանքներ են հղվում նրա որդուն, ապա դա ընկալվում է նաեւ անձամբ Պեզեշկիանին ուղղված մեղադրանք:
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկյանի որդին՝ Յուսեֆ Պեզեշկյանն արձագանքել է երկրի ներսում ընդլայնվող քննադատությանը՝ կապված Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու կուրսի հետ։ Նա, հայտարարել է, թե որեւէ հիմնավորում չունեն Բաքվին ուղղված մեղադրանքները, թե վերջին հակամարտության ժամանակ Իսրայելին աջակցել է: Ադրբեջանական աղբյուրները, բնական է, ուրախությամբ տիրաժավորում են նախագահի որդու նման տեսակետը:
Տես նաեւ https://t.me/iravunk/56455