Սոված մնալը այսօր դարձել է լայն տարածված միտում, հատկապես նրանց շրջանում, ովքեր ձգտում են նիհարել։ Սակայն Բրիտանական Կոլումբիայի համալսարանի (UBC Okanagan) նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն տարբեր ազդեցություն է թողնում տարբեր մարմնակազմվածք ունեցող մարդկանց վրա։
Կետոգենային՝ շատ ցածր ածխաջրային դիետայի շրջանակներում ծոմապահությունը գնալով ավելի է տարածվում․ մարդիկ փորձում են օգտվել այն մեխանիզմից, երբ ածխաջրերի պակասի պայմաններում մարմինը սկսում է ճարպ այրել՝ էներգիա ստանալու համար։
UBC-ի Առողջապահության և ֆիզիկական կուլտուրայի գիտությունների դպրոցի դոցենտ, Քրոնիկական հիվանդությունների կանխարգելման և կառավարման կենտրոնի անդամ դոկտոր Հաշիմ Իսլամը նշում է․
«Սոված մնալը և ցածր ածխաջրածնային սննդակարգը կարող են օգտակար լինել շատերի համար, սակայն ճարպակալում ունեցող մարդիկ դրանց նկատմամբ հաճախ ունեն այլ արձագանք, հատկապես՝ իմունային համակարգի գործունեության տեսանկյունից»։
Սոված մնալը հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել ԶԼՄ-ների շնորհիվ, սակայն, ինչպես ընդգծում է հետազոտության համահեղինակ դոկտոր Հելենա Նոյդորֆը, գիտական շրջանակներում այն գնահատվում է նաև այն պատճառով, որ սովի պայմաններում օրգանիզմը անցնում է շաքար այրելուց դեպի ճարպի այրում՝ առաջացնելով կետոններ։
Նրա խոսքով՝ ծոմապահությունը կարող է դրականորեն ազդել առողջության վրա՝ վերափոխելով նյութափոխանակությունը, ամրապնդելով իմունային համակարգը և նվազեցնելով քրոնիկական բորբոքումը, որն առնչվում է բազմաթիվ հիվանդությունների զարգացման հետ։
«Մեր նպատակն էր պարզել՝ արդյոք սոված մնալը տարբեր ազդեցություն է թողնում նյութափոխանակության և իմունային համակարգի վրա՝ ճարպակալում ունեցող և նիհար մարդկանց մոտ», – ընդգծել են հետազոտության հեղինակները։