Մաշկը ջերմաստիճանի փոփոխությունների մասին ուղեղին տեղեկացնում է ջերմազգայուն ընկալիչների միջոցով


Հասարակություն

Միչիգանի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուղեղը ցածր ջերմաստիճանները ճանաչում է ոչ թե ընդհանուր, այլ հատուկ զգայական շղթայի միջոցով։ Այդ շղթան առանձնանում է ջերմությունը «կարգավորող» ուղիներից։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Communications բժշկագիտական հանդեսում։

Մինչ այժմ ընդունված էր կարծիքը, թե ցրտի և տաքի ազդանշանները ուղեղին հասնում են նույն ալիքով։ Սակայն նոր հետազոտությունը բացահայտում է, որ առանձին նեյրոնային շղթաներ պատասխանատու են հենց ցրտի նույնականացման համար։ Սա նոր հնարավորություններ է ստեղծում՝ հասկանալու և բուժելու ջերմաստիճանի ընկալման խանգարումները։

Փորձերը կատարվել են մկների վրա՝ կիրառելով պատկերագրման տեխնոլոգիաներ, էլեկտրաֆիզիոլոգիական մոնիթորինգ և գենետիկական վերլուծություն։ Գիտնականները հայտնաբերել են մաշկի հատուկ ընկալիչներ, որոնք ակտիվանում են 15-25 °C միջակայքում։ Դրանք գրգռում են ողնուղեղին ազդանշաններ փոխանցող նեյրոնները, որտեղ դրանք ուժեղացվում են՝ ուղեղ ուղարկվելուց առաջ։

Հիշեցնենք, որ 2021 թվականին սառը ընկալիչների հայտնաբերման համար գիտնականներն արժանացել էին Նոբելյան մրցանակի։ Իսկ այժմ, ողնուղեղի միջնեյրոնների դերի բացահայտումը սառը ազդանշանի ուժեղացման գործընթացում կարևոր նոր քայլ է զգայական համակարգերի ըմբռնման մեջ։ Երբ փորձագետները անջատել են այդ բջիջները մկների մոտ, կրծողները դադարել են արձագանքել ցրտին, մինչդեռ ջերմության նկատմամբ նրանց զգայունությունը պահպանվել է։ Սա վկայում է, որ սառը ազդանշանների փոխանցման ուղիները եզակի են։


 

Leave a Comment