Շատ նման է, որ Պուտինն ու Թրամփն ամեն ինչ պայմանավորվել են, եւ գործը հասել է Զելենսկուն ստորագրությանը


Միջազգային

Պուտինի հետ հանդիպումից հետո Fox News-ին տված հարցազրույցում Թրամփի մտքերից մեկը, թերեւս, հստակ ակնարկում է այն տրամաբանության մասին, որը դրված էր Ալյասկայի բանակցությունների եւ պայմանավորվածությունների հիմքում:

Այսպես, Թրամփը, ըստ էության, անոնսավորեց Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման տեսլականը: Իհարկե, իր մասնակցության մասին խոսում է սովորական չեմ ու չումով, թե` չեմ ուզում մասնակցել, բայց դե հասկանում եք, աշխարհի ճակատագիրն է դրանից կախված, ստիպված պետք է գնամ, որ հարցերը տեղը գցեմ:

Սակայն նրա համար արդեն սդտանդարտ դարձած այդ տոնայնության տակ, Թրամփը, այնուամենայնիվ, հետեւյալ առանցքային միտքն ընդգծեց. «Մենք միասին անցկացրինք գրեթե երեք ժամ, հանդիպումը շատ մանրամասն էր, և մենք համաձայնության եկանք բազմաթիվ հարցերի շուրջ… Կան մեկ կամ երկու իսկապես լուրջ հարցեր, բայց կարծում եմ, որ դրանք կարելի է լուծել»:

Ընդ որում, այդ «մեկ կամ երկու իսկապես լուրջ հարցերը» նրանք են, որոնք Պուտինն ու Թրամփն ինքնուրույն չէին կարող ավարտին հասցնել: Այսինքն, ըստ Թրամփի. «Հիմա ամեն ինչ կախված է նախագահ Զելենսկուց: Ես կավելացնեի. եվրոպական երկրները նույնպես պետք է մի փոքր ավելի ակտիվորեն ներգրավվեն: Բայց որոշիչ դերը Զելենսկու վրա է: Կարծում եմ՝ մենք մոտ ենք արդյունքին: Եվ անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ մասնակցել հաջորդ հանդիպմանը: Նախագահ Զելենսկու և նախագահ Պուտինի միջև հանդիպումը ներկայումս պատրաստվում է…»:

Դժվար չէ տեսնել տողատակերը. այդ «մեկ կամ երկու իսկապես լուրջ հարցերի» շուրջ եւս Պուտինն ու Թրամփն ունեն կոնցենսուս: Ու հիմա ամեն ինչ կախված է Զելենսկու պատասխանից` համաձա՞յն է, թե` ոչ: Եվրոպայի դերն էլ, դատելով Թրամփի խոսքի տրամաբանությունից, այն է, որ պետք է «ճիշտ լուծում» հուշի Զելենսկուն:

Բայց Թրամփի այս մտքի տակ մեկ այլ իմաստ եւս կարելի է տեսնել. նա հենց Զելենսկուն է համարում վերջնական լուծման պատասխանատուն: Կամ այսպես. եթե լուծումը չլինի, մեղավորը Զելենսկին է լինելու: Այսինքն, Ուկրաինայի նախագահը Թրամփի այդ մտքի տակ կարող է հանգիստ կարդալ այս իմաստը. եթե լուծում չլինի, ապա ամերիկյան ճնշումային ողջ մեքենան եւ մյուս բոլոր հետեւանքներն ուղղվելու է հենց իր դեմ, որքան էլ, որ տեւական ժամանակ փորձեցին այն ուղղել Մոսկվայի դեմ: Ըստ այդմ էլ` կհամաձայնվի՞ մեկնել Պուտինի եւ Թրամփի հետ հանդիպման` ըստ ամենայնի, կոնկրետ փաստաթուղ ստորագրելու, պետք է որոշի` ելնելով Թրամփի այդ նախազգուշացումից:

Տես նաեւ https://t.me/iravunk/56407 

 

Leave a Comment