Սերբիայում երեկվա բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 37 մարդ, վիրավորվել՝ 42 ոստիկան

Բելգրադում օգոստոսի 14-ի երեկոյան և մի շարք այլ քաղաքներում, դրանց թվում՝ Նովի Սադում, իշխող Սերբական առաջադեմ կուսակցության (ՍԱԿ) գրասենյակների մոտ շարունակվել են բողոքի ցույցերը։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է 42 ոստիկան, իսկ 37 ցուցարար ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակվելու և գույքը վնասելու մեղադրանքով։ Նովի Սադում ցուցարարները թալանել են իշխող կուսակցության գրասենյակը։
Վիրավորների թվում է եղել ընդդիմադիր «Ազատություն և արդարություն» կուսակցության պատգամավոր Պեժա Միտրովիչը, որը, ըստ BBC-ի, հայտարարել է, որ լուրջ վնասվածքներ է ստացել։ Ըստ նրա՝ «խուլիգաններին հրաման է տրվել դաժանորեն ծեծել բոլորին»։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդարտության կոչ է արել և հայտարարել, որ երկիրը լայնածավալ բարեփոխումներ է անցկացնելու ոստիկանությունում և դատական համակարգում։
Սերբիայում բողոքի ցույցերն արդեն իններորդ ամիսն են շարունակվում։ Դրանք սկսվել են նախորդ տարվա նոյեմբերի 1-ին Նովի Սադի երկաթուղային կայարանում տանիքի փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել է 16 մարդ։ Ցուցարարները պահանջում են պատժել ողբերգության համար պատասխանատուներին, ավելի ուժեղ պայքար մղել կոռուպցիայի դեմ և արտահերթ ընտրություններ անցկացնել։

Leave a Comment