«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը
– Պարո՛ն Սարգսյան, ՀՀ ԱԳՆ-ն օրերս հրապարակեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը։ Որոշ վերլուծաբաններ այն չեն համարում իրական խաղաղության փաստաթուղթ և պնդում են, որ այն ավելի շատ արտահայտում է Ադրբեջանի շահերի գերակայությունը Հայաստանի նկատմամբ։ Ո՞րն է Ձեր գնահատականը։
– Ես ժամանակին մեջբերել եմ Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով արված հայտարարություններն այն մասին, որոնք ասում էին, որ Հայաստանը պետք է ճիշտ հասկանա, թե սա ի՛նչ փաստաթուղթ է: Մարդիկ հստակ ասում են՝ սա փաստաթուղթ է, որտեղ հստակ գրված են պայմանները, որոնց հիման վրա մենք կբանակցենք Հայաստանի հետ, ընդ որում՝ բոլոր պայմանները թելադրել է Ադրբեջանը:
Հայաստանում սակայն երբեք որևէ մեկը չի արտահայտվել այն մասին, որ սա խաղաղության պայմանագիր չէ, որ, այո՛, Ադրբեջանը մեզ առաջարկում է ստորագրել մի նախնական փաստաթուղթ, որոնց հիման վրա մենք բանակցություններ ենք վարելու: Որևէ մեկը Հայաստանում չի ասել այս մասին, բայց Ադրբեջանը անընդհատ շարունակում է դա պնդել:
Սա՝ մեկ, ինչը շատ կարևոր է ընդգծել, երկրորդ՝ այդ պայմանները շատ պարզ են. դա այն է, որ Հայաստանն ընդունի այն բոլոր գործողությունների օրինականությունը, որոնք արվել են 2020 թվականից Ադրբեջանի կողմից: Իզուր չէ, որ Ադբեջանն ասում է՝ եկեք սա ստորագրեք, հետո նոր՝ բուն խնդիրների մասին, իսկ այս հրապարակված տեքստում բուն խնդիր չկա: Իզուր էլ չէ, որ Ադրբեջանը նախաստորագրել է դա, դա արել է նրա համար, որ այլևս որևէ փոփոխություն չարվի: Այսինքն՝ նախաստորագրված փաստաթղթի քաղաքական նշանակությունը սա է:
Սա սառը պատերազմի սկզբունքների տրամաբանության վրա գրված մի տեքստ է: Այս փաստաթուղթն ինչ-որ առումով նաև հնացած է արդեն, որովհետև աշխարհն այնքան առաջ է գնացել, որ հիմա չկան պայմաններ, որ նման փաստաթղթերն իրականացվեն: Ինչքան ժամանակ է, որ ամբողջ աշխարհի առաջ ցեղասպանություն է կատարվում, բայց չի հաջողվում փրկել պաղեստինցիներին, որովհետև միջազգային որևէ նորմ, մարդու իրավունքների սկզբունքը բացարձակապես չեն աշխատում, ինքնիշխանության սկզբունքը չի աշխատում:
– Այսինքն՝ կոչել սա խաղաղության պայմանագիր սխա՞լ եք համարում:
– Դե, մի բան պետք է կոչել, հարցը դա չէ, հարցն այն է, որ նման փաստաթուղթը ժամանակի նկատմամբ վաղուց կորցրել է համապատասխանությունը, էլ չեմ ասում, որ դա չի էլ ստորագրվելու, մարդիկ այնպես են ներկայացնում, որ դա արդեն եղել է, իսկ ո՞վ ասաց, որ Ադրբեջանը դա ստորագրելու է:
– Վաշինգտոնյան հանդիպումից հետո իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե այլևս պատերազմ չի լինելու, արդեն խաղաղություն է:
– Վաշինգտոնյան հանդիպումը կապ չուներ փաստաթղթի հետ, այն լրիվ փոխել է քաղաքական իրավիճակը խնդրի շուրջ: Իրականության մեջ Վաշինգտոնում հետևյալն է կատարվել. ԱՄՆ-ն Հայաստանի կողմից իրավունք է ստացել վարձել ՀՀ ինքնիշխան տարածքից ինչ-որ կտոր՝ խոստանալով ինչ-ինչ գործողություններ անել այստեղ: Մնացած ամեն բան խոսակցություն է, անգամ այդ եռակողմ հուշագրի մեջ նշված էլ չէ, թե այդ տարածքը ո՛րն է, կա ընդամենը այն, որ Հայաստանը տրամադրում է Ադրբեջանին նման ճանապարհ, թե՛ որտեղից է դա լինում, ինչ երկարություն ունի՝ չկա գրված, որևէ բան չկա սահմանների մասին:
Այդ փաստաթուղթը բոլոր կողմերին թույլ է տալիս զբաղվել ինչով ուզում են, ինչպես միշտ, ինչպիսին էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ու ի վերջո ստացվել է իրավիճակ, որը որևէ կապ չունի այդ փաստաթղթի հետ: Այսօրվա փաստաթղթերը այդպիսին են, դրանք ապահովելու համար չկան իրավական պայմաններ: Ցանկացած սկզբունք, պայմանավորվածություն, պայմանագիր ցանկացածը խախտում է:
Թրամփը երբ եկավ նախագահության, սկսեց նոր սկզբունքներ մտցնել, դա նպատակահարմարությունն է, որ նպատակահարմար է այսպես: Միջազգային հարաբերություններում նպատակահարմարության սկզբունք չկա, բայց Թրամփը դա մտցրեց: Հիմա այս ճանապարհի, ինչպես իրենք են ասում՝ արտապատվիրակումը ԱՄՆ-ին նշանակում է, որ ինչ-որ պետության ինքնիշխան տարածք մեկ այլ պետություն, իհարկե պարտադրաբար, կարող է վերցնել իրեն ինչ-որ ժամանակով, հետո կարող է տալ ուրիշին: Սա սկզբունք է դառնում, որը որևէ կերպ չի կարող առնչվել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ:
Վաշինգտոնում սա է կատարվել, անիմաստ է մտնել այդ տեքստի մեջ, այնտեղ ոչինչ չկա: Շատերին թվում է նաև, թե սա Ռուսաստանի, Իրանի ջախջախումն է, չկա նման բան, այս երկրների հայտարարություններից մենք տեսանք, չէ՞, որ շատ հանգիստ էին, իսկ սա նշանակում է, որ նախօրոք բոլորը խոսել էին, ու ամեն մեկը մի բան, հավանաբար, ստացել է: Հայաստանն էլ, ինչպես միշտ, ինչ դեմ են տվել՝ ստորագրել է, հիմա էլ արդարացնում են:
Պետք է ավելի լայն կոնտեքստով նայել կատարվողին, այդ պարագայում պարզ է դառնում, թե ինչ է կատարվում իրականում, ու որ ստորագրված այդ փաստաթղթերը որևէ նշանակություն չունեն: Հիմա հարցն այն է, թե ի՛նչ ազդեցություն է ունենալու այդ նախագծի իրականացումը Հայաստանի վրա, որովհետև դա բացահայտ ինքնիշխանության խախտում է, իսկ թե հետոն ինչ կլինի՝ կախված է ԱՄՆ-ի քաղաքականությունից:
Սա արդեն աշխարհաքաղաքականություն է, որը կապ չունի ո՛չ խաղաղության, ո՛չ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, ուղղակի դրանք փայլուն օգտագործվեցին նրա համար, որ ինչ-որ տարածք, ռուսների ասած՝ զախվատ անեն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am