Նանկինի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ աղիներում Odoribacter բակտերիաների քանակի աճը կապված է անքնության ռիսկի բարձրացման հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «General Psychiatry» (GenPsy) ամսագրում:
Ուսումնասիրության ընթացքում օգտագործվել է մենդելյան ռանդոմիզացիայի մեթոդը (MPR), որը թույլ է տալիս պարզել պատճառահետևանքային կապ՝ ռիսկի որևէ գործոնի և արդյունքի (օրինակ՝ հիվանդության) միջև՝ հիմնվելով գենետիկ տարբերակների վրա: MPR-ի համար օգտագործվել են 386,533 անքնությամբ տառապող մարդկանց գենետիկ տվյալները, իսկ հավելյալորեն ուսումնասիրվել է նաև 26,000 մարդու աղիքային միկրոբիոտայի կազմը:
Հետազոտության արդյունքներից պարզվել է, որ անքնության զարգացման հավանականությունը մեծացրել են 14 բակտերիայի տեսակներ (1–4%-ով), իսկ ութ այլ տեսակներ, հակառակը, նվազեցրել են այդ հավանականությունը 1–3%-ով: Odoribacter միկրոօրգանիզմներն ամենաուժեղ բացասական ազդեցություն են ունեցել քնի որակի վրա:
Ավելին, անքնությունը նաև կապված է աղիների միկրոբային հավասարակշռության փոփոխությունների հետ: Հետազոտությունը ցույց է տվել յոթ մանրէային խմբերի 43–79% նվազում և 12 խմբերի 65% աճ կամ նվազում:
Հետազոտության հեղինակները նշում են, որ ուսումնասիրությունը ունի որոշ սահմանափակումներ. մասնակիցները եղել են բացառապես եվրոպական ծագում ունեցող մարդիկ, և վերլուծության ընթացքում հաշվի չեն առնվել սննդակարգն ու ապրելակերպը, որոնք ազդում են միկրոբիոտայի կազմի և գեների ու շրջակա միջավայրի փոխազդեցության վրա: