«Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմածը հայտնաբերվե՞լ է



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 21-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում. ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնի 2-րդ բաժանմունքից 2 հոգի դիմել են փախուստի:

MediaHub-ը հիշեցնում է, որ պարզվել էր՝ նշված բաժանմունքի 5-րդ հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով հարկադիր բուժվող, Երևանի բնակիչ 45-ամյա Վյաչեսլավ Լուկինը և ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանբ որպես անվտանգության միջոց կիրառված և նշված կենտրոն տեղափոխված Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա բնակիչը դիմել են փախուստի:

Ժամեր անց՝ ժամը 02:41-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նրանցից մեկին հայտնաբերել էին Նուբարաշենի գերեզմանատան մոտ։ 

Սակայն երկրորդ փախուստի դիմածին տևական ժամանակ որոնում էին: Անցել է գրեթե մեկ ամիս, արդյո՞ք գտնվել է հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից փախուստի դիմած երկրորդ բուժառուն․ MediaHub-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի հետ։ Ավդալյանը տվեց բացասական պատասխան։

«Անձը դեռ չի հայտնաբերվել, ներգրավվել է որպես մեղադրյալ, վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 506–րդ հոդվածի առաջին մասով՝ արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը»,– նշեց ՔԿ մամուլի քարտուղարը։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ որոնվող բուժառուն ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանբ որպես անվտանգության միջոց կիրառված և նշված «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն տեղափոխված Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արամայիս Միրզոյանն է։

Մարիաննա Արամյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment