«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ Կարապետյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացնելու։
«Իրավունքը ստորադասվեց քաղաքական գործընթացներին»
Նա լրագրողներին է ներկայացրել օգոստոսի 15-ին դատավոր Տիգրան Դավթյանի՝ Կարապետյանի կալանքը երկարաձգելու դատական նիստի մանրամասները՝ շեշտելով արդարադատության բացակայության և իրավական ամենթաղության մասին։ Փաստաբանը շեշտել է, որ կալանքի երկարաձգումը քաղաքական որոշման և քաղաքական հետապնդման հետևանք է։
«Արդարադատություն տեղի չունեցավ, արդար դատավարության տարրական իրավունքը չապահովվեց։ Պարոն Կարապետյանին կալանքի տակ թողնելը, մեղմ ասած, իրավական ամենաթողություն է, արդարադատության տոտալ բացակայության հետևանք։ Դքատավոր Դավթյանի դեպքում իրավունքը ստորադասվեց քաղաքական գործընթացներին»,- նշել է Վարդևանյանը։
Ի՞նչ միջնորդություններ էր ներկայացրել քննիչը՝ Կարապետյանի կալանքը երկարաձգելու համար
Փաստաբանը պատմել է, որ դատական նիստը երկար է տևել պաշտպանական կողմի՝ քննիչին ուղղված մի շարք հարցադրումների պատճառով։
Այդուհանդերձ, փաստաբանն ընդգծել է, որ իրենց հարցերին որևէ պատասխան չեն ստացել։ Փաստաբանը մանրամասնել է, որ Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը վերաբերել է գործարարի կողմից եկեղեցուն սատարող հայտնի հարցազրույցում հնչեցրած խոսքին, ինչպես նաև տնտեսական բնույթի մեղադրանքներին՝ կապված, իբր, փողերի լվացման, հարկեր տուրքեր չվճարելու կազմակերպման հետ։
Վարդևանյանը տեղեկացրել է, որ պաշտպանական կողմը ներկայացրել է դիտողություններ, առարկություններ, այդ թվում՝ տնտեսական բնույթի մեղադրանքների վերաբերյալ։ Նրա խոսքով, դատարանը տնտեսական բնույթի մեղադրանքների մասով հիմնավոր կասկածներ չի արձանագրել, բայց հակառակն է Կարապետյանի՝ եկեղեցուն առնչվող հայտարարության դեպքում, որն իրավապահները իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ էին համարել։
«Դատարանն արձանագրել է Կարապետյանի՝ տնտեսական բնույթի մեղադրանքների մասով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչերի հետ կապված հիմնավոր կասկածն առկա է։ Խոսքը «մեր ձևով» եկեղեցուն սատարելու գործընթացին մասնակցելու հայտարարության, մեր Մայր Աթոռի, կաթողիիկոսի վերաբերյալ մտահոգությունների մասին է»,- նշել է Վարդևանյանը։
«Մասնագետները ստորագրությամբ հավաստել են՝ Կարապետյանի հարցազրույցում կոչ չկա»
Փաստաբանի խոսքով, դատավորը գտել է, որ «միջին ծանրության այդ ենթադրյալ արաքի առնչությամբ խափանման միջոց կարող է լինել միայն կալանքը, որը կապահովի պատշաճ վարքագիծ»։ Վարդևանյանը փոխանցել է նաև, ըստ դատավորի, առկա է Կարապետյանի «կարող է թաքնվել քննությունից»։
«Պատկերացնո՞ւմ եք, ըստ դատավորի, Forbes-ի ցուցակում գտնվող մեր հայրենակիցը կարող է թաքնվել։ Պարոն Կարապետյանը, լինելով հանրային անձ, հայտարարելով իր քաղաքական հայտի մասին, պետք է տուգանք նախատեսող ենթադրյալ միջին ծանրության արաքի համար թաքնվե՞ր ու վախենա՞ր»,- ընդգծել է փաստաբանը։
Վարդևանյանը նաև տեղեկացրել է, որ դիմել են պրոֆեսիոնալ լեզվաբանների, լինգվիստիկ վերլուծությունների մասնագետներին։
«Մասնագետներն իրենց ստորագրությամբ հավաստել են, որ Կարապետյանի հարցազրույցում կոչի որևէ բաղադրիչ չկա, բայց քննիչն անտեսել է նշվածը։ Մեր իրականության մեջ քննիչը կանխակալ կարող է լինել, իսկ դատավորը՞»,- հռետորական հարց է հնչեցրել փաստաբանը։
Հունիսին «Տաշիր» խմբի ղեկավարն աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ հոգևորականների հասցեին իշխանությունների քննադատությունների ֆոնին։ Դրանից հետո ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները խուզարկություններ էին իրականացրել Կարապետյանի Երևանի տանը։ Հունիսի 18-ին գործարարը երկու ամսով կալանավորվել էր՝ իբր իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով:
Հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 14-ին գործարարը հայտնել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։
«Տաշիր» խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի թիմի նախաձեռնած «Մեր ձևով» շարժումն առաջին փուլում լինելու է ապաքաղաքական, որպեսզի հնարավոր լինի հավաքել հնարավորինս լայն շրջանակի փորձագիտական կարծիքներ։ Միևնույն ժամանակ նա բացառել է համագործակցությունը նախկին իշխանությունների հետ:
Օգոստոսին Կարապետյանի շահերը ներկայացնող պաշտպանների խմբին է միացել ամերիկացի փաստաբան, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Ամսթերդամը, որը գործարարի կալանքը որակել է քաղաքական որոշում՝ ժողովրդավարության սկզբունքներին և միջազգային իրավական նորմերին հակասող։ Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը։
Կարդացեք նաև՝
