Չրերի արտադրամասն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող չրերի արտադրամասում անցկացված վերահսկողությունը ցույց է տվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Այս մասին հայտնում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Մասնավորապես՝
-արտադրական շինությունների մի մասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից,
-առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
-սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների, գործիքների, պարագաների մի մասը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ չրերի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: