Այսօրվա միջնորդությունը կրկին որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ․ փաստաբաններ

«Գործ ունենք ակնհայտ ապօրինի մեղադրանքի երկու դրվագի հետ։ Փորձում ենք հույսեր կապել արդարադատության հետ, բայց հույսերը այդքան էլ մեծ չեն, քանի որ գիտենք՝ էս գործի նկատմամբ ճնշումները բազմաթիվ են և մեծ ծավալների են հասնում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արմեն Ֆեռոյանը։ «Մեղադրանքը հիմնավորող որևէ պատշաճ ապացույց էս գործի մեջ գոյություն չունի, սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ուստի խոսել կալանքի կամ կալանքի ժամկետը երկարացնելու մասին, բացարձակ ո՛չ իրավական է, ո՛չ իրավաչափ։ Եթե ապացուցողական շեմը անգամ մեղադրանք առաջադրելուն չէր բավարարում, բայց բավարարել են, հետևաբար, կալանքի ժամկետի երկարացումը կրում է բացարձակ ապօրինի բնույթ»,- ասաց փաստաբան Ֆեռոյանը։

Փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն էլ ասաց․ «Իրադարձությունների զարգացումը եղել է բոլորիս աչքի առաջ, այսքան թափանցիկ ֆեյսբուքյան արդարադատություն՝ քաղաքական բաղադրիչով, նման երկրորդ դեպք չկա։

Երբ մենք ասում ենք, որ սա իրավական աբսուրդ է, մենք դա իսկապես ենք ասում, ամենայն լրջությամբ ենք ասում։ Ոչ թե մեր գնահատականն ենք հնչեցնում, այլ օբյեկտիվ իրականության արձանագրումն ենք անում, որը մեր աշխատանքը էլ ավելի դժվար է դարձնում․ որովհետև երբ գործ ունես իրավական աբսուրդի հետ, բախվում ես մի անհասկանալի իրականության։

Այսօրվա միջնորդությունը կրկին որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։

Մեր առաջնային դիրքորոշումն այն է, որ ընդհանրապես խափանման միջոց պետք է չլինի և չէր էլ կարող կիրառվել։ Եթե բոլոր դեպքերում խոսում ենք այլընտրանքային խափանման միջոցի մասին, որպես այսպես ասած՝ ծայրահեղ միջոց, մենք նման հարց կարող է և բարձրաձանենք։ 55 օրից ավելի ամենաինտենսիվ խափանման միջոցը՝ կալանքը կիրառված է Սավել Կարապետյանի նկատամբ․ մի անձի, ով նախկինում երբևէ արատավորված չի եղել, ով ունի իսկապես բարձր հեղինակություն թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս, ով հանդիսանում է հայ ազգի իսկապես վերջին տարիների ամենախոշոր բարերարը»։

Նշենք, որ դատական նիստը ժամը 17։00-ին է մեկնարկել, այժմ փաստանաբանների ամփոփիչ ելույթների փուլն է։

Փաստաբաններ Արմեն Ֆեռոյանի, Լիանա Գասպարյանի և Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ տեսանյութում։

 

Leave a Comment