
Օդեսան, ինչպես նաև Օդեսայի մարզի յոթ շրջանների բնակավայրերն ու տարածքային համայնքներն ստացել են ռազմական գործողություններ ծավալող տարածքների պաշտոնական կարգավիճակ։ Այս մասին նշված է Ուկրաինայի համայնքների և տարածքների զարգացման նախարարության հրամանում, որը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները։
Մարզկենտրոնից և գյուղերից բացի, ցանկում ներառված են նաև քաղաքներ, որտեղ գտնվում են նավահանգստային ենթակառուցվածքները՝ Իզմայլ, Վիլկովո, Չորնոմորսկ, Ռենի։ Ինչպես նաև բնակավայրեր, որտեղ գտնվում են Ուկրաինայի սևծովյան հանգստավայրերը՝ Զատոկա, Կարոլինո-Բուգազ, Սերգեևկա։
Օդեսայի մարզից բացի, ցանկը լրացվում է Ուկրաինայի արևելքում գտնվող քաղաքային և գյուղական տարածքային համայնքներով, որտեղ ներկայում ընթանում են մարտական գործողություններ։ Ընդհանուր առմամբ, փոփոխություններ են կատարվել երկրի 119 բնակավայրերի վերաբերյալ։
Ռազմական գործողություններ ծավալող տարածքների կարգավիճակը որոշվում է համապատասխան նախարարության հրամանով և չափանիշներով։ Այս կարգավիճակը նաև փոփոխություններ է մտցնում տարածքների վարչական կառավարման մեջ։