
«Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքներն ուռճացվել են, լրացվել են նաև փողերի լվացման դրվագով»- այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ ընդգծելով, որ դա ակնհայտ անհեթեթություն է։
«Այս գործի հիմնովին քաղաքականացված լինելը և ծայրաստիճան հակաիրավականությունը գալիս են ապացուցելու, որ ևս մի նմանաբնույթ մեղադրանք է առաջադրվել․․․ Ստեղծված իրավիճակը, երբ կարողանում ես կանխատեսել, թե իրավապահ մարմինը տվյալ մարդու նկատմամբ ինչ մեղադրանք է առաջադրելու, սա արդեն քաղաքական նպատակահարմարության հարց է և քաղբանտարկյալների մասին է, ինչն անհամատեղելի է ժողովրդավար և իրավական պետության հետ»,- նշեց սահմանադրագետը։
Մելոյանը հավելեց, որ այսօր գործը քննող դատավորը բարձր հեղինակություն ունի և հույս հայտնեց, որ գոնե տնային կալանքի որոշում կկայացվի։