«Բարսելոնայի» աջ պաշտպան Էկտոր Ֆորտը շուտով կհեռանա ակումբից։ 19-ամյա ֆուտբոլիստը կընդգրկվի օգոստոսի 16-ին «Մալյորկայի» դեմ կայանալիք Լա Լիգայի առաջին տուրի խաղի հայտացուցակում, իսկ խաղից հետո կմեկնի վարձակալության, հայտնում է Sport.es-ը։
Խաղացողն այժմ մի քանի առաջարկ ունի, որոնցից մեկը կընդունի առաջիկա օրերին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» խորհուրդ է տվել 19-ամյա ֆուտբոլիստին վարձակալությամբ միանալ այլ ակումբի, քանի որ նա, ամենայն հավանականությամբ, չի կարողանա հաղթել Ժյուլ Կունդեի և Էրիկ Գարսիայի հետ մեկնարկային կազմում տեղի համար մղվող պայքարում։
Երիտասարդ իսպանացին «կապտանռնագույնների» հիմնական թիմի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 30 հանդիպման՝ կատարելով 3 գոլային փոխանցում։