Մինչև 12 տարվա ազատազրկում․ նախկին վարչապետը մեղադրվում է 470 մլն դրամի փողերի լվացման մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու, չի՛ պլստալու»։ Փաշինյանի այս հայտարարությունից 6 տարի անց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կնստի ամբաստանյալի աթոռին․ նա մեղադրվում է 470 մլն դրամի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության մեջ։

Ըստ նախաքննական մարմնի՝ Աբրահամյանը հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Դիլիջանում ընդհանուր շուրջ 75 հազար քմ մակերեսով հողամասերը, Արարատի մարզի Նարեկ համայնքում՝ ընդհանուր 120 հա մակերեսով վարելահողն ու արոտավայրը, Մխչյան համայնքում՝ ընդհանուր 48.4092 հա մակերեսով հողատարածքները:

ՀԿԿ սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Սմբատ Մխիթարյանի խոսքով՝ նույն եղանակով կարգադրություն տրվել և այլ անձանց անունով գործարքներ իրականացվել են նաև Նարեկ և Մխչյան համայնքներում։ Հողատարածքներից մի քանիսն օտարվել են Աբրահամյանի կնոջը և հորը։

Գործը վերաբերում է ոչ միայն այս դրվագներին․ Սմբատ Մխիթարյանը մատնանշում է՝ նախկին վարչապետն ապօրինի կերպով ներգրավված է եղել ձեռնարկատիրական գործունեության մեջ։

Ավելին, ըստ նախաքննական մարմնի, եղբորորդու ընկերության կողմից ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով փոխվել է Արաքս գետի հունը։

Նախկին վարչապետի ու նրա հարազատների անուններն անցած 7 տարվա ընթացքում արդեն 3-րդ անգամ են հայտնվում իրավապահների տեսադաշտում, սակայն այս գործը դեռևս միակն է, որ արդեն դատարանում է։ Արդյո՞ք այս հանգամանքը կապ ունի քաղաքական գործընթացների հետ, Մխիթարյանը բացասական պատասխան է տալիս։

Ուշագրավ է, որ Աբրահամյանը միայնակ է լինելու ամբաստանյալի աթոռին․ գործով անցնող համայնքապետերը, որոնք, ըստ գործի նյութերի, կատարել են նախկին վարչապետի հրահանգները, գործուն զղջալու և վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ազատվել են քրեական հետապնդումից։ 

Հովիկ Աբրահամյանին սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում, իսկ մինչ այդ, դեռևս նախաքննության ընթացքում մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքերի վրա արգելանք է դրվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

 

Leave a Comment