Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է թողնել պաշտոնը, քանի որ իր հաջորդին ոչ լեգիտիմ է համարում: Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նրան սպառնում է քրեական հետապնդմամբ: Կառավարության ղեկավարը նման հայտարարությամբ է հանդես եկել կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին կարող է հայտնվել բանտում, եթե հրաժարվի հեռանալ երկրի նախագահի պաշտոնից:
«Դեկտեմբերի 29-ին նա պետք է հրաժարական տա: Կտեսնենք, թե որտեղ կշարունակի իր կյանքը՝ ճաղերի հետևում, թե ազատության մեջ: Կարծում եմ՝ նա բավականաչափ խելամիտ կլինի՝ չխախտելու քրեական օրենսգրքի նորմերը», — վարչապետ Կոբախիձեի խոսքերն է մեջբերել վրացական հեռուստատեսության Առաջին ալիքը: Վարչապետ Կոբախիձեն ավելացրել է.
«Կրկնում եմ ևս մեկ անգամ. ոչ ոք չի ցանկանում 72-ամյա կնոջը բանտ ուղարկել: Բայց նման գործողություններով նա կվտանգի բոլոր նրանց, ովքեր այս սցենարի դեպքում կլինեն նրա հետ նախագահական նստավայրում»։
Նախօրեին Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելիի պողոտայում պետք է տեղի ունենար վրացական ընդդիմության հերթական հանրահավաքը, որի ժամանակ նախատեսված է եղել Զուրաբիշվիլիի ելույթը։ Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիգա Լեմոնջավան հայտնել է, որ Վրաստանի ՆԳՆ-ն առգրավել է ակցիայի համար նախատեսված սարքավորումներով և բեմով տրեյլերը:
Վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանն ընդգծում է, որ Զուրաբիշվիլին ունի հասարակական որոշակի աջակցություն, որը կարող է է՛լ ավելի բորբոքել բողոքի ալիքը Վրաստանում: Նրա խոսքով՝ այս իրավիճակը կարող է հանգեցնել ներքաղաքական լարվածության խորացման։ Վրացագետը նաև նկատում է.
«Բազմաշերտ են հարաբերությունները Արեւմուտքի հետ, այսինքն՝ այս ճգնաժամը Եվրոպական Միության և արևմտյան գործընկերների և ներկայիս կառավարության միջև է, և այն չի տարածվում Վրաստանում ընդդիմադիր թևերի վրա, չի տարածվում հանրային դաշտի վրա, քաղհասարակության վրա, և դրանք շարունակում են է՛լ ավելի շատ համագործակցության հնարավորություններ ստանալ Եվրոպական Միության կամ արևմտյան այլ գործընկերների հետ, և այն պատժամիջոցների շրջանակում ընդունված այդ հայտարարությունը, որ դադարեցնում են Վրաստանի կառավարությանը հատկացվելիք գումարները, այդ ամբողջ գումարները ուղղվում են Վրաստանում քաղհասարակության հետագա զարգացմանը և աջակցմանը, հատկապես այս պայքարում»։
Ինչպես հաղորդում է Publica պորտալը, կիրակի օրվա ընթացքում Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել Թբիլիսիի կենտրոնում գտնվող Օրբելիանիի նախագահական պալատի մոտ: Սկզբում Թբիլիսիի քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել Զուրաբիշվիլիին, սակայն նա ճեղքել է պատնեշը և բարձրացել սուրբծննդյան բեմահարթակ:
«Այս վայրը մերն է, այս բեմը մերն է, և այն հնարավոր չէ ձերբակալել», — ասել է նա: Զուրաբիշվիլին նախօրեի հանրահավաքում նաև իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից պահանջել է նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ դեկտեմբերի 29։