Խոսքը կյանքի և արժանապատվության մասին է. Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմն ահազանգում է


Իրավական

«Սև Հովազ» ՌՀԿ հրամանատար Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

 

«Շուրջ մեկ տարի «Սև Հովազ» ՌՀԿ հրամանատար Սերոբ Գասպարյանը պահվում է անօրինական կալանքի մեջ։ Հրամանատարը թիմին արգելվել է հրապարակայնորեն խոսել առողջական խնդիրների մասին, սակայն լռությունը գործնականում դառնում է այս անօրինականությանը աջակցություն։


ՓԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ

 

• Ս. Գասպարյանը ՔԿՀ է ընդունվել լիովին առողջ վիճակում, մինչդեռ ներկայումս ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք մեր գնահատմամբ անհամատեղելի են կալանքի հետ։

 

• Փորձաքննության անաչառության խնդիր. բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի ղեկավարը գործով դատախազի հայրն է, ինչն առաջացնում է ակնհայտ շահերի բախում և խաթարում փորձաքննության օբյեկտիվության երաշխիքները, ինչով պայմանավորված նման միջնորդություն ներկայացնել չենք կարող։

 

• Դատական նիստերը լավագույն դեպքում կայանում են ամսական մեկ անգամ։ Վերջին ամիսներին բազմիցս չեն կայացել նիստեր՝ Ս. Գասպարյանին դատարան չներկայացնելու պատճառաբանությամբ, իսկ երբեմն նույն պատճառաբանությամբ նիստ նշանակելն անհնար է դառնում և ինքնանպատակ։

 

• Այս ամենի արդյունքում պետությանը ծառայած հրամանատարին թողնում են դանդաղ մահվան դեմ միայնակ պայքարի մեջ, ինչը իրավական պետությունում անթույլատրելի շքեղություն է։

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

• Կալանքի պայմաններում պատշաճ և հասանելի բժշկական օգնության չապահովումը հակասում է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք՝ հակասելով ՄԻԵԿ 3-րդ հոդվածին։

 

• Ազատության և անձնական անձեռնմխելիության (ՄԻԵԿ 5) և արդար դատաքննության (ՄԻԵԿ 6) իրավունքները խախտվում են, երբ պետության անգործությունը («ուղեկցում չկա») արհեստականորեն ձգձգում է դատավարությունը և խոչընդոտում է մասնակցությունը նիստերին։

 

• Անաչառության երաշխիքներ. փորձաքննության մարմնի ղեկավարի և գործով դատախազի սերտ ազգակցական կապը հակասում է անաչառության օբյեկտիվ չափանիշներին։

 

• Կիրառված խափանման միջոցը պարտավոր է լինել համաչափ և նվազ միջամտող. առկա առողջական ծանր ռիսկերը պահանջում են այլընտրանքային միջոց։

 

ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԵՐԻՆ

 

1. Կազմակերպել անկախ, բազմապրոֆիլ բժշկական զննում քաղաքացիական մասնագիտացված կենտրոնում՝ լիարժեք ախտորոշմամբ և բուժական հստակ պլանով։

 

2. Ապահովել անաչառություն․ շահերի բախմամբ պայմանավորված՝ ձեռնարկել փորձաքննության մարմնի ղեկավարի չեզոքացման կամ դատախազի փոխարինման քայլեր։

 

3. Վերանայել կալանավորումը և կիրառել ազատությունից չզրկող ու համաչափ խափանման միջոց՝ հաշվի առնելով առողջական վիճակն ու վաստակը։

 

4. Ապահովել նիստերի կանոնավոր անցկացում՝ կազմակերպելով ուղեկցումն առանց ուշացումների և բացառելով «լոգիստիկ» պատրվակներով ձգձգումները։

 

5. Սահմանել և հրապարակել սեղմ դատավարական օրացույց, ապահովել դատական վերահսկողության իրական արդյունավետություն։

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՆԵՐԻՆ ԴԻՄՈՒՄ

 

Կոչ ենք անում՝

 

• Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ),

 

• ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը,

 

• Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը,

 

• ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային գործընկերներին,

 

իրենց իրավասության շրջանակներում անմիջապես իրականացնել մոնիթորինգ, կազմակերպել քրեակատարողական հիմնարկ այց և դատավարության դիտարկում, ինչպես նաև հետաքննել Ս. Գասպարյանի կալանքի իրավաչափությունն ու բժշկական ապահովման բավարարությունը՝ համադրելով դրանք ազգային և միջազգային պարտավորությունների հետ։


Սերոբ Գասպարյանի գործով խնդիրն արդեն դուրս է եկել ձևականության սահմաններից․ խոսքը կյանքի և արժանապատվության մասին է։ Յուրաքանչյուր հաջորդ օր առանց կոնկրետ քայլերի մեծացնում է պետության պատասխանատվությունը և խորացնում արդեն իսկ տեղի ունեցած խախտումները»։

Leave a Comment