Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում ՌԴ-ի համար լուրջ հետևանքներ կլինեն․ Թրամփ

Ռուսաստանի համար «լուրջ հետևանքներ» կլինեն, եթե օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չբերվի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այո, կլինեն <…>։ Հետևանքները լուրջ կլինեն», – ասել է Թրամփը՝ Վաշինգտոնում Ջոն Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Ամերիկացի առաջնորդը, սակայն, չի մանրամասնել, թե ինչպիսի «լուրջ հետևանքների» մասին է խոսքը։

Թրամփը նաև հայտարարել է, որ ակնկալում է հնարավորինս շուտ եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, եթե Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումը նորմալ անցնի։

«Եթե առաջին [հանդիպումը] լավ անցնի, մենք արագ կունենանք երկրորդը։ Ես կցանկանայի դա անել գրեթե անմիջապես։ Եվ մենք կունենանք երկրորդ հանդիպում նախագահ Պուտինի, նախագահ Զելենսկու և իմ միջև, եթե նրանք ցանկանան, որ ես այնտեղ լինեմ», – ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում։ Օգոստոսի 12-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման համար Ալյասկայի օդային տարածքը կփակվի։

Leave a Comment