Համաշխարհային ֆուտբոլում նոր «համաճարակ» է տարածվում. ֆուտբոլիստները անտեսում են պայմանագրային պարտավորությունները և շանտաժի միջոցով փորձում են հասնել ցանկալի տրանսֆերի:
Այս ամառ մենք ականատես եղանք երկու աղմկահարույց դեպքերի, որոնց «հերոսները» շվեդ հարձակվողներ Վիկտոր Գյոքերեշն ու Ալեքսանդր Իսակն էին:

Գյոքերեշի բոյկոտը
Այս ամառ Վիկտոր Գյոքերեշը «Սպորտինգից» տեղափոխվեց «Արսենալ»: Սակայն նրա բաժանումը լիսաբոնյան «առյուծներից» այնքան էլ սահուն չէր: Ակումբների միջև բանակցությունները բարդացան և բազմիցս փակուղի մտան: Դրան նպաստեց Գյոքերեշի «կեղտոտ» մարտավարությունը. նա ճնշում գործադրեց ակումբի վրա՝ հայտարարելով բոյկոտ:
Հուլիսի սկզբին լրատվամիջոցները հայտնում էին, որ Գյոքերեշը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: Սակայն բանակցությունները ժամանակավորապես դադարեցվեցին, քանի որ ակումբները չէին կարողանում համաձայնության գալ գնի շուրջ: Հենց այդ ժամանակ Գյոքերեշը, հավանաբար գործակալների խորհրդով կամ սեփական նախաձեռնությամբ, որոշեց բոյկոտել ակումբը: Նա հրաժարվեց մասնակցել նախամրցաշրջանային պատրաստություններին և հայտարարեց ակումբի նախագահին, որ այլևս չի խաղա «Սպորտինգի» կազմում:

Գյոքերեշը պնդում էր, որ իրեն դավաճանված է զգում, քանի որ «Սպորտինգը» խոստացել էր նրան բաց թողնել 60+10 միլիոն եվրոյով, բայց խախտել էր խոստումը:
Ակումբի նախագահ Ֆրեդերիկու Վարանդաշը հայտարարեց, որ պատրաստ է վաճառել հարձակվողին, բայց միայն շուկայական արդար գնով: Նա նաև զգուշացրեց հնարավոր պատժամիջոցների մասին.
«Եթե Գյոքերեշի համար չեն ցանկանում վճարել արդար շուկայական գին, մեզ դա լիովին կհարմարի առաջիկա երեք տարիների ընթացքում, քանի դեռ նրա պայմանագիրը գործում է: Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե կարող են ճնշել ինձ և հեշտացնել խաղացողի հեռացումը, նրանք խորապես սխալվում են»:
Երկու շաբաթ անց տրանսֆերը կայացավ: «Արսենալը» վճարեց մոտ 65,77 միլիոն եվրո, իսկ բոնուսների հաշվին «Սպորտինգը» կարող է ստանալ ևս 10,6 միլիոն եվրո:

Իսակի դեմարշը
Ալեքսանդր Իսակն էլ աստղից վերածվեց շանտաժիստի: Ի նպաստ նրան կարելի է ասել, որ «Նյուքասլը», իբր, խոստացել էր բարձրացնել նրա աշխատավարձը, բայց չէր կատարել խոստումը: Այնուամենայնիվ, տեղեկություններ կային, որ Իսակն ինքն էր մերժել բարելավված պայմանագրի առաջարկը, քանի որ վաղուց որոշել էր այս ամառ փոխել ակումբը:
Իսակը դժգոհ էր «Նյուքասլի» գործողություններից, և նախամրցաշրջանային շրջագայությունից առաջ իրավիճակը սրվեց: Նա չմեկնեց Ասիա՝ պաշտոնապես նշելով ազդրի վնասվածքը, սակայն ոչ պաշտոնական աղբյուրները պնդում էին, որ պատճառը ակումբի հետ տարաձայնություններն էին:

Այնուհետև Իսակը կատարեց ոչ այնքան գեղեցիկ քայլ՝ առանց թույլտվության լքեց «Նյուքասլի» մարզաբազան և որոշ ժամանակ մարզվեց իր նախկին ակումբի՝ «Ռեալ Սոսյեդադի» բազայում:
Հետագայում նա վերադարձավ, սակայն մարզիչ Էդի Հաուն նրան հեռացրեց թիմային մարզումներից և ակումբային միջոցառումներից: Ըստ տեղեկությունների՝ Հաուն զրույց է ունեցել Իսակի հետ՝ ընդգծելով, որ ոչ ոք չի կարող իրեն ակումբից վեր դասել և անտեսել պայմանագիրը:
Հեղինակավոր աղբյուրները հայտնում էին, որ «Լիվերպուլը» Իսակի համար առաջարկել է մոտ 126 միլիոն եվրո, սակայն «Նյուքասլը» մերժել է առաջարկը՝ պահանջելով ավելի բարձր գումար: Վերջին տվյալներով՝ Իսակը լքել է իր բնակարանը և չի պատրաստվում խաղալ «Նյուքասլի» կազմում, նույնիսկ եթե «Լիվերպուլ» տեղափոխվելը չստացվի:

Որակազրկումը՝ որպես դեղամիջոց
2023-ի ամռանը ՊՍԺ-ն քննադատվում էր, երբ Կիլիան Մբապեին հեռացրեց թիմից՝ վերջինիս հայտարարությունից հետո, որ չի երկարաձգի պայմանագիրը և կլքի ակումբը ազատ գործակալի կարգավիճակով: Այն ժամանակ ակումբը ճնշում էր գործադրում աստղային հարձակվողի վրա՝ սպառնալով մեկ մրցաշրջան նրան պահել պահեստայինների նստարանին:
Այժմ, սակայն, մենք տեսնում ենք հակառակ միտում, երբ ֆուտբոլիստներն են շանտաժի ենթարկում ակումբները:
Մի կողմից, խաղացողին ուժով պահելն անիմաստ է. ինչպե՞ս կարող է օգտակար լինել ոչ մոտիվացված և դժգոհ ֆուտբոլիստը: Եթե «Նյուքասլը» սկզբունքայնություն ցուցաբերի և չվաճառի Իսակին, դա երկարաժամկետ հեռանկարում կարող է վնասել ակումբին, քանի որ խաղացողի տրանսֆերային արժեքը կարող է նվազել:
Մյուս կողմից, գոյություն ունի պայմանագիր՝ հստակ պայմաններով: Ինչո՞ւ «Նյուքասլը» պետք է բաց թողնի խաղացողին, եթե առաջարկը չի բավարարում իրեն: Խոստումների՞ պատճառով: Ժամանակակից ֆուտբոլը բիզնես է, և խոսքերին հավատալն այստեղ տեղին չէ: Եթե ֆուտբոլիստը ցանկանում է վերահսկել իր ապագան, պայմանագրում պետք է ներառվի հստակ գնման կետ: Եթե նման կետ չկա, խաղացողը պարտավոր է կատարել ստորագրված պայմանագիրը:
Պայմանագրային հարցերում երկու կողմերն էլ՝ և ակումբը, և ֆուտբոլիստը, պետք է պաշտպանված լինեն: Ներկայումս կան տուգանքներ պայմանագրի խախտման համար, սակայն Գյոքերեշի և Իսակի օրինակները ցույց են տալիս, որ ՖԻՖԱ-ն պետք է միջամտի:
ՖԻՖԱ-ն պետք է վերանայի կարգապահական կանոնակարգը՝ նման խնդիրները արագ լուծելու համար: Եթե խաղացողը բոյկոտ է հայտարարում և հրաժարվում է մարզվել, ակումբը պետք է կարողանա դիմել ՖԻՖԱ-ին, որն էլ մեկ շաբաթվա ընթացքում պետք է պահանջի ֆուտբոլիստից բացատրություն: Եթե պատճառաբանությունն անհիմն է, օրինակ՝ «մեզ խոստացել էին» տիպի, խաղացողը պետք է ենթարկվի մի քանի ամսվա համաշխարհային դիսկվալիֆիկացիայի՝ ինչպես ակումբային, այնպես էլ ազգային հավաքականի խաղերի համար:
Այդպիսի միջոցառումները կստիպեն ֆուտբոլիստներին երեք անգամ մտածել՝ նախքան անտեսել իրենց ստորագրած պայմանագրերը: Որակազրկումն էլ կարող է դառնալ այս «համաճարակի» դեմ արդյունավետ դեղամիջոց: