«Գարեջրի օրեր» ավանդական փառատոնը Երևանում կանցկացվի չորրորդ անգամ
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. «Գարեջրի օրեր» ավանդական փառատոնը Երևանում կանցկացվի արդեն չորրորդ անգամ։
Ինչպես չորեքշաբթի լրագրողներին հայտնել է փառատոնի կազմակերպիչ «EventTura» ընկերության փոխնախագահ Լիլիթ Ծառուկյանը, «Գարեջրի օրերը» կանցկացվեն օգոստոսի 22-25-ը երեկոյան ժամերին՝ Զաքյան փողոցում՝ Լուսավորիչ և Խորենացի փողոցների խաչմերուկների միջև ընկած հատվածում։
«Նպատակն է զարգացնել իրադարձային տուրիզմը և ներկայացնել Հայաստանը որպես գարեջրագործության ավանդույթներ ունեցող հնագույն երկրներից մեկը», – բացատրել է նա։
Այս առումով Ծառուկյանը նշել է, որ դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում, երբ հին հույն պատմաբան Քսենոփոնը այցելել է Հայաստան, իր «Անաբասիս» աշխատության մեջ գրել է, որ «հայերը խմիչք են պատրաստել և պահել խառնարաններում» և այն պատրաստվել է գարուց։ Նա հայտնել է, որ եթե անցյալ տարի «Գարեջրի օրերին» մասնակցել է 14 գարեջուր արտադրող ընկերություն, ապա այս տարի մասնակիցների թիվը 25-ով ավելի է։
«Հատկանշական է, որ գարեջուր արտադրողները կհավաքվեն Հայաստանի տարբեր շրջաններից, այդ թվում՝ Սյունիքից, Գեղարքունիքից և Կոտայքից։ Կլինեն նաև 2-3 գարեջուր ներմուծող ընկերություններ», – ասել է նա։
«Միջոցառման տարածքը բաժանված է լինելու մի քանի գոտիների՝ գարեջրի, սննդի երաժշտության, խաղային, մրցութային։ Այցելուները կարող են վայելել գարեջրի ամենատարբեր տեսակներ, համտեսել գարեջրի և սննդի հետաքրքիր համադրություններ՝ հայկական և միջազգային խոհանոցներից։ Ինչ վերաբերում է խաղային հատվածներին, ապա ասեմ, որ բավական հետաքրքիր է լինելու, ունենալու ենք մրցույթներ, հիշարժան ու արժեքավոր նվերներ»,-ասել է Լիլիթ Ծառուկյանը։
EventTour-ի փոխտնօրենը նշել է, որ անցյալ տարի տեղի ունեցած փառատոնում անցկացվել է Steinholding մրցույթի փորձնական տարբերակը (մրցույթ՝ գարեջրի բաժակը մեկնած ձեռքով բռնելու համար – խմբ.), որը ավանդաբար անցկացվում է Օկտոբերֆեստի շրջանակում։
«Այն շատ սիրված էր մեր այցելուների շրջանում, և այս տարի մրցույթը նույնպես կանցկացվի գլխավոր բեմում», – ասել է նա՝ հավելելով, որ մրցույթին մասնակցելու համար գրանցվողներին սպասվում են հետաքրքիր նվերներ։
Ըստ նրա՝ վիճակախաղեր նույնպես կանցկացվեն ամեն օր։
Իր հերթին, EventTour-ի համահիմնադիր Նունե Մանուկյանը նշել է, որ մրցույթները նպատակ ունեն զբոսաշրջիկների ներգրավել Հայաստան, ինչը կնպաստի մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանի խոսքով՝ գործակալությունը աջակցություն է ցուցաբերում միջոցառմանը իր ամենամյա փառատոնային ծրագրի շրջանակում։