Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ձևավորի իր ազգային շահերը
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Նույնիսկ Վաշինգտոնում եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո Հայաստանը որևէ երաշխիք չի ստացել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«Սա տարրական գրագիտության պակաս է։ Անհրաժեշտ էր պարզապես աշխատել և՛ ամերիկյան, և՛ ադրբեջանական կողմերի հետ և փաստաթղթում արձանագրել, որ Հայաստանը կստանա. Նախիջևանով անցնող ճանապարհ, դեպի Սև ծով մուտք, արցախցիների և գերիների վերադարձ հայրենիք (Հայաստան – խմբ.)։ Նման փաստաթուղթ ստորագրվում է ՆԱՏՕ-ի առաջատար երկրում, և այդ պահանջները չեն ներկայացվում։ Ինչո՞վ է զբաղված ԱՄՆ-ում հսկայական հայ համայնքը և լոբբին», – հարցեր է ներկայացնում փորձագետը։
Նա նաև նշել է հայ հասարակության մեջ տնտեսական դիվանագիտության ըմբռնման զրոյական մակարդակը. ամեն ինչ կամ քաղաքականացված է, կամ էլ հասցված է ինտրիգի մակարդակի։
«Նման ռիսկերի առկայության դեպքում Հայաստանը պետք է ավելի ագրեսիվ և նախաձեռնող լինի։ ԱՄՆ-ն ունի իր սեփական շահերը, որոնք հստակ տեսանելի են», – ասել է Մանասերյանը։
Նրա կարծիքով, Ադրբեջանը դարձել է այս գործընթացի գլխավոր շահառուն և առավելագույնս շահել է։ «Ադրբեջանը երբեք նման «ջեքփոթ» չի ունեցել», – նշել է փորձագետը։
Միևնույն ժամանակ, Մանասերյանը Իրանի արձագանքը համարել է բավականին բնական, քանի որ Թեհրանն ունի իր սեփական շահերը։
Նա կարծում է, որ Հայաստանը պետք է ձևավորի իր ազգային շահերը։ «Որքա՞ն կարող ենք մենք այդքան գավառական լինել և ամեն անգամ հայտարարել՝ Իրանն այս ասաց, ԱՄՆ-ն՝ այն։ Եթե համապատասխան աշխատանք կատարվեր, ապա լուրջ բան կստացվեր՝ ելնելով Հայաստանի շահերից», – նշեց Մանասերյանը։
Օգոստոսի 10-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջանցքի հարցը լիովին փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։ Միևնուն ժամանակ, ըստ Իրանի ԱԳՆ-ի, տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն, ցանկացած ձևով, կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար։
Օգոստոսի 9–ին Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին Tasnim–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը դեմ է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանի տարածքով և կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, և կարգելափակի ամերիկյան միջանցքը Կովկասում։ Նա նաև նշել է, որ հայ ժողովուրդը նույնպես կտրականապես դեմ է միջանցքի ծրագրին, քանի որ այն կհանգեցնի երկրի մասնատմանը։ Վելայաթիի խոսքով, Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև կապը կարող է իրականացվել Իրանի միջոցով։
Մանասերյանը նաև հարցեր ուներ հայկական պատվիրակության կազմի վերաբերյալ։
«Սա լուրջ տնտեսական հարց է, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Որտե՞ղ են Հայաստանի փոխվարչապետերը։ Աշխարհը շարժվում է մեկ ուղղությամբ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների հետ միասին, իսկ մենք մտածում ենք միայն ընտրությունների ժամանակ մեկ ձայն ավելի ստանալու մասին», – եզրափակել է Մանասերյանը։
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։
Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։