Տարածաշրջանային եւ ներքին քաղաքական զարգացումների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական–քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ: Զրույցի ընթացքում փորձել ենք հասկանալ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Ռուսաստան–Ադրբեջան վերջին օրերի լարվածությունը ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաեւ անդրադարձել ենք, թե իրականում ով է ում դեմ հիբրիդային պատերազմ իրականացնում:
— Պարոն Հարությունյան, այժմ իշխանությունն է ասում, թե իրենց դեմ հիբրիդային պատերազմ է իրականացվում։ Ի՞նչ կասեք այս մասին։
— Այս կառավարությունը երբեք որեւիցե խելամիտ բան չի անում, որովհետեւ նրանք իշխանության են եկել հիբրիդային տեխնոլոգիաների միջոցով։ Հիմա նրանք անպատասխանատու հայտարարություններ են անում, ինչպես շատ ոլորտներում։ Դա կարող է վերաբերել հավատքին, քրիստոնեությանը, քաղաքականությանը եւ այլն։ Այսինքն՝ պետք չէ նրանց հայտարարություններին լուրջ վերաբերվել, հատկապես երբ նրանք որոշակի բառապաշար են օգտագործում։ Ո՞վ է կառավարության ղեկավարը, որպեսզի նրա դեմ հիբրիդային պատերազմ հայտարարվի։ Այդպիսի պատերազմ գոյություն չունի, քանի որ նրանք կիսագրագետ անձինք են։ Ես ուղղակի հրաժարվում եմ պատասխանել, որովհետեւ, ցավոք սրտի, մեզ համար հիբրիդային մեթոդներն առայժմ չեն կիրառվել։ Մենք դեռ միայն սովորում ենք այդ մեթոդները։ Ռուսաստանն է, որը կարող է դրանք օգտագործել որոշակի նպատակներով՝ մեզ ազատագրելու համար այս օկուպացիայից։ Դա իմ կարծիքն է։
— Նաեւ ասում են, որ «հոկտեմբերի 27» են կանխել Բագրատ սրբազանին կալանավորելով: Ինչպե՞ս եք վերաբերվում տեղի ունեցածին:
— Կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ը, ինչպես նաեւ շատ ուրիշ գործեր, որոնք եղել են, կատարվել են հենց նույն ձեռքով: Այն ձեռքերով, որոնք Նիկոլին բերել են այստեղ եւ նշանակել՝ որպես Թուրքիայի ներկայացուցիչ։ Որոշ հայտարարություններին ես լուրջ չեմ մոտենում։ Ի՞նչ է եղել հոկտեմբերի 27-ին՝ խորհրդարանի գնդակահարումը։ Դա առաջին այն հիբրիդային պատերազմի բաղադրիչն էր, որը օգտագործվեց Հայաստանի դեմ։ Սա եւս փաստ է։ Հետազոտություններ են ցույց տվել, որ այդ հիբրիդային պատերազմները վարել են հայտնի կենտրոններ, որոնք նպատակ ունեին հայկական պետության ողնաշարը կոտրելու։ Ընդամենը այդպես եմ ես մոտենում այս հարցին։
— Այսօր թիրախում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Ի՞նչ կասեք Վեհարանի դեմ ուժայինների իրականացրած հարձակումների մասին:
— Սա շատ ցավալի հարց է, որովհետեւ իմ իսկական ազգանունը Տեր–Հարությունյան է: Տեր–Հարությունը Դավիթ Բեկի քահանան էր: Մենք՝ Հարությունյաններս, հոգեւորականի ցեղից ենք, եւ իմ պապը թաղված է Մոսկվայի հայկական եկեղեցու հենց շեմին: Նա էր, որ կարողացավ Վազգեն Առաջինին բերել Հայաստան։ Ես ինքս լինելով այդ ցեղից եւ այսօր տեսնելով այս ամենը՝ կարող եմ ասել, որ դա սրբապղծություն է, սրիկայություն է, հակաքրիստոնեականություն, հատկապես այն ձեւով, երբ փորձում ես կատարել քո քայլերը եկեղեցու դեմ։
Այդ պատճառով եկեղեցու վրա հարձակումը սարսափելի մեղք է, եւ նրանք անպայման պատժվելու են դրա համար։ Պարզապես չի՛ կարելի այդպիսի վերաբերմունք ունենալ Քրիստոսի եւ Աստծո նկատմամբ։ Նրանք դեմ են ոչ միայն Աստծուն, այլեւ Հայաստանին։ Ես դա համարում եմ մեծագույն հանցագործություն նրանց կողմից։
— Իսկ Ռուսաստանի եւ Ադրբեջանի վերջին օրերի լարվածությունը ինչի՞ կհանգեցնի` Ձեր կարծիքով։
— Վերջին ժամանակահատվածում, այսինքն՝ արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ կարելի է հստակորեն նկատել որոշակի լարվածություն եւ խորացող հակասություններ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ։ Այս փոխհարաբերությունների սրման միտումն ակնհայտ է թե՛ քաղաքական հռետորաբանության մեջ, թե՛ դիվանագիտական քայլերում, ինչը, իմ կարծիքով, կարող է խիստ օգտակար եւ նույնիսկ ռազմավարական նշանակություն ունեցող հանգամանք դառնալ Հայաստանի Հանրապետության համար։ Եթե այս միտումը պահպանվի եւ խորանա, ապա այն կարող է մեզ տալ նոր հնարավորություններ՝ արտաքին քաղաքականության մեջ ավելի ճկուն եւ ինքնուրույն դիրք զբաղեցնելու համար։
Համենայնդեպս, այս իրավիճակը կարող էր շատ ավելի շուտ բերել մեզ շահավետ զարգացումների, եթե նախկինում ունակ լինեինք ճիշտ գնահատել նման հնարավորությունները եւ հետեւողականորեն օգտագործել դրանք։ Ես բազմիցս նշել եմ, եւ կրկին ընդգծում եմ, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որն անցյալում վարել է շուրջ 12-13 հաղթական պատերազմ ուղղակիորեն թուրքական պետությունների դեմ՝ պաշտպանելով քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում նաեւ՝ հայ ժողովրդի շահերը։
Անցնեմ մյուս կարեւոր կետին։ Անձամբ ինձ համար Ադրբեջանն ու Թուրքիան որեւէ կերպ չեն տարբերվում միմյանցից։ Իմ ընկալման մեջ այդ երկու երկրները հոմանիշներ են՝ թե՛ քաղաքական նպատակներով, թե՛ գաղափարական ուղղությամբ, եւ ես բացարձակապես որեւէ սկզբունքային տարբերություն չեմ դնում նրանց միջեւ։ Նրանք երկուսն էլ հավասարապես ներկայացնում են նույն ագրեսիվ աշխարհաքաղաքական մոտեցումը, եւ այսօր նրանք առավել ակտիվ կերպով փորձում են իրագործել այն՝ գործի դնելով այսպես կոչված «Թուրանյան նախագիծը»։
Նշված ծրագիրը, որը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար, ուղղակիորեն սպառնում է Ռուսաստանի անվտանգության շահերին եւս։ Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչպես տեսնում ենք, անթաքույց կերպով մղում են հարձակողական քաղաքականություն, եւ նրանց գործողությունները հաճախ զերծ են մնում միջազգային նորմերի ու սահմանափակումների նկատառումներից։ Նրանք, կարծես թե, չեն վախենում որեւէ պատասխանատվությունից եւ չեն կանգնում նույնիսկ ամենալուրջ խոչընդոտների առջեւ, ինչը վկայում է նրանց ագրեսիվ նպատակների եւ ամբիցիաների մասին։
Ակնհայտ է, որ այս ամենի արդյունքում սկսել են ի հայտ գալ լուրջ եւ տեսանելի հակասություններ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Սրանք արդեն ոչ թե ենթադրություններ են, այլ փաստեր, որոնք արձանագրվում են տարբեր հարթակներում։ Եվ սա մեզ՝ Հայաստանին, կարող է տալ լրացուցիչ հնարավորություն՝ օգտվելու գեոպոլիտիկ իրավիճակից, ինչը նախկինում հազվադեպ էր լինում։ Ավելին, ըստ որոշ հրապարակումների, արդեն իսկ քննարկվում են օկուպացված որոշ տարածքների վերադարձի հարցեր, ինչը նախկինում գրեթե անհնար էր թվում։
Իմ խորին համոզմամբ, ադրբեջանցիների ներկայիս արտաքին քաղաքական դիրքորոշումը լիովին տեղավորվում է նրանց ռազմավարական ծրագրերի շրջանակում։ Նրանք վաղուց են ձգտում իրականություն դարձնել իրենց «Մեծ Թուրանի» գաղափարախոսությունը, որը հակասում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի ազգային ու պետական շահերին։ Եվ, ի վերջո, նույնիսկ այն դեպքերում, երբ Ռուսաստանում արձանագրվում են որեւէ տեսակի հակաադրբեջանական արարքներ՝ նույնիսկ հանցագործությունների ձեւով, դրանք ընդունվում են այնտեղ ցավով ու անհանգստությամբ, ինչը խոսում է ադրբեջանական կողմի ազդեցության եւ ներկայության մասին՝ ռուսական ներքին համակարգերում։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ