Դատարանը մերժել է «Սթրայքբոլի գործով» կալանավորված ՀՅԴ անդամ Անդրանիկ Չամիչյանի կալանքի դեմ բողոքը, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա մանրամասնել է, որ գործով 18-ամյա երիտասարդը բանտում է մնալու առնվազն մինչև սեպտեմբերի 8-ը։
Չամիչյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի՝ 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (Ահաբեկչության նախապատրաստություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 12 տարի ժամկետով): Մելիքյանի պնդմամբ՝ Չամիչյանից առգրավված իրերի մեջ արգելված իրեր չկան։ Իրավապահներն առգրավել են սթրայքբոլլ խաղալու սարքավորումներ, որոնք ներկայացվել են որպես ահաբեկչական գործողության նախապատրաստման ապացույց։
Հուլիսի 10-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել։ Նույն օրը ՀՅԴ-ն հայտնել էր անդամների տներում իրականացված խուզարկությունների, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն՝ Տարոն Մանուկյանին, կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանին բերման ենթարկելու մասին։ Հուլիսի 11-ին կալանավորվել էր Չամիչյանը, հուլիսի 12-ին՝ Ալեքսան Ասատրյանը։
