Արմինֆո. ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը “պատմական” քայլ է որակել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի նախաստորագրումը:
“Անադոլու”-ի հետ զրույցում հայ դիվանագետը նշել է, որ ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները նաեւ կարևոր հնարավորություններ են բացում Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման համար:
Փոխարտգործնախարարն ընդգծել է հռչակագրի կարևորությունը ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, այնպես էլ հայ-ամերիկյան կապերի համար: “Ինչպես ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունները, այնպես էլ ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումը չափազանց կարևոր էին, կարելի է ասել՝ պատմական”,- նշել է նա:
Կոստանյանը նաև հաղորդել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել արհեստական բանականության, կիսահաղորդիչների և էներգետիկայի ոլորտներում:
Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները դրական ազդեցություն են ունեցել բանակցային գործընթացի վրա: “Մենք ստորագրված խաղաղության հռչակագիրը դիտարկում ենք որպես կարևոր փուլ և հնարավորություն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար ։ Եթե հաջողվի վերականգնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցությունները, այդ նախագիծն ավելի իրատեսական կդառնա, ինչպես նաեւ ավելի մեծ նշանակություն կստանա տարածաշրջանային եւ գլոբալ համատեքստում”, – հավելել է նա։
Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը բարի կամք է դրսևորում, և հույս է հայտնել, որ Անկարան դրան կպատասխանի հայ-թուրքական սահմանի բացմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ: “Մենք կարող ենք կարեւոր հիմք դնել մեր տարածաշրջանում կայունության եւ տնտեսական բարեկեցության համար”, – նշել է դիվանագետը: