Սեպտեմբերի 1-ից ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համաձայնեցված հայտարարագիր լրացնելիս այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհին՝ բջջային հավելվածում տարբեր տվյալներ լրացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար գործողություններ իրականացնել ճանապարհի բանուկ հատվածում, հայտնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։
Սեպտեմբերի 1-ից ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համաձայնեցված հայտարարագիր լրացնելիս այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհին՝ բջջային հավելվածում տարբեր տվյալներ լրացնելու համար։
Այժմ կարելի է՝
-
ASWA բջջային հավելվածով դեպքի վայրում միայն լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և դրանց փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի,
-
Արագ ազատել ճանապարհը, և 3 ժամվա ընթացքում ապահով վայրում և արդեն ինտերնետ հասանելիությամբ բջջային հավելվածում լրացնել մնացած տվյալները։
«Այս հնարավորությունը նպաստում է խցանումների նվազեցմանը, բարձրացնում է բոլորի անվտանգությունը և օգնում է խնայել Ձեր ժամանակը», – նշվում է բյուրոյի հաղորդագրության մեջ։
Բյուրոյից նաև խնդրում են նախապես ներբեռնել ASWA հավելվածը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի արագ օգտվել այս գործառույթից։
«Նախաձեռնությունը ներդրվել է՝ օգնելու վարորդներին կատարել սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի փոփոխություններով սահմանված պահանջը. այն է՝ պատահարից հետո ազատել ճանապարհը 20 րոպեում, և խուսափել հնարավոր տուգանքներից։ Բյուրոն շարունակաբար բարեփոխում է ԱՊՊԱ համակարգը՝ այն դարձնելով ավելի արդյունավետ, հասանելի և հարմար վարորդների համար», – նշվում է հաղորդագրության մեջ։