Վրաստանի վարչապետը կանխատեսում է, որ ամբողջ երկրում կհաղթի իշխող կուսակցությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կհաղթի երկրի բոլոր 64 մունիցիպալիտետներում։
«Մենք ամբողջությամբ կենտրոնացած ենք մեր ընտրական խնդիրների վրա։ Մենք ունենք մեկ նպատակ ու խնդիրը՝ հաղթել բոլոր 64 մունիցիպալիտետներում՝ ինչպես քաղաքապետերի, այնպես էլ ժողովների մակարդակով։ Մենք լիովին վստահ ենք, որ քաղաքապետերի և ժողովների ընտրություններում կհաղթենք բոլոր 64 մունիցիպալիտետներում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կոբախիձեն։
Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 4-ին։ Դրանց մասնակցելու ցանկություն են հայտնել 17 կուսակցություն։ Որոշ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել, քանի որ կարծում են, որ 2024 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են։

Leave a Comment