Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազային. սպանվել է Al Jazeera լրատվամիջոցի 4 աշխատակից ու ևս 3 անձ


Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է իր չորս աշխատակիցների մահվան մասին՝ Իսրայելի կողմից Գազա քաղաքի վրա հասցված հարվածի հետևանքով։ Զոհերը լրագրողներ Անաս ալ-Շարիֆն ու Մոհամմեդ Կրեյկան էին, ինչպես նաև երկու օպերատոր։

Նշվում է, որ ռմբակոծության պահին նրանք գտնվել են «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մուտքի մոտ գտնվող լրագրողների համար նախատեսված վրանում։ Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով տեղական ժամանակով կեսգիշերից կարճ ժամանակ առաջ։ Ընդհանուր առմամբ զոհվել է յոթ մարդ։

Իսրայելական բանակը, իր հերթին, հայտարարել է, որ ոչնչացրել է «ահաբեկիչ Անաս ալ-Շարիֆին, որը ներկայացել էր որպես «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրող»։

Զինվորականների խոսքով՝ նա ղեկավարել է արմատական պաղեստինյան շարժման «ՀԱՄԱՍ» ստորաբաժանումներից մեկը և «պատասխանատու է եղել իսրայելցի քաղաքացիական անձանց և զինվորների վրա հրթիռային հարձակումների համար»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

85 դիտում

Leave a Comment