Եթե Ռուսաստանը շարունակի հարվածել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, Բաքուն կսկսի քննարկել Ուկրաինային զենքի մատակարարման վրա դրված արգելքը վերացնելու հարցը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի Օդեսայի մարզում գտնվող Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նավթամբարին։
ՌԲԿ-Ուկրաինա հրատարակության աղբյուրների համաձայն՝ հարվածը հասցվել է հինգ Shahed անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Հարձակումը հրդեհ է առաջացրել և վնասել է դիզելային խողովակը։ Ընկերության չորս աշխատակից վիրավորվել են՝ բոլորը ծանր վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։ Հրդեհը արագորեն մարվել է, և վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Ուկրաինայի իրավապահ մարմինների տվյալներով՝ հարվածները թիրախային են եղել։
Սա վերջին շաբաթների ընթացքում SOCAR-ի հետ կապված օբյեկտներին ուղղված երկրորդ հարվածն է. նախկինում վնասվել էր Օրլովկայի մոտ գտնվող գազաբաշխիչ կայանը, որի միջով պետք է հոսի ադրբեջանական գազը։