Հարվածներ ադրբեջանական գազի և նավթի ուղղությամբ

Օգոստոսի 6-ին ԱԹՍ-ի զանգվածային հարվածով ոչնչացվեց Ռումինիայի հետ սահմանին գտնվող «Օրլովկա» գազակոմպրեսորային կայանը: Այն «Հարավային» (Բալկանյան) գազային միջանցքի առանցքային օղակն է, որով ավելի վաղ ընթանում էր ռուսական գազի տարանցումը Բալկանյան թերակղզի։  Այժմ այդ երթուղին օգտագործվում է Ադրբեջանից Ուկրաինա գազ մատակարարելու համար ՝ Բաքվի և Կիևի միջև վերջերս կնքված համաձայնագրի հիման վրա։ 

Այսօր նույն Օդեսայի մարզում  հարվածների տակ է հայտնվել արդեն ադրբեջանական SOCAR ընկերության նավթաբազան, որի հետ էլ Կիևը հուլիսի վերջին պայմանագիր էր կնքել Ուկրաինա գազ մատակարարելու համար։ Արդյունքում վնասվել է դիզելային վառելիքի խողովակաշարը, կա 4 վիրավոր։ Socar Energy Ukraine-ը հայտարարել է, որ երկրում ռազմական դրության հետ կապված չեն կարող մեկնաբանել ենթակառուցվածքների հետ կապված միջադեպերը:

Այսօր ռումինական լրատվամիջոցները Ռուսաստանին մեղադրել են ադրբեջանական նավթը միտումնավոր աղտոտելու մեջ: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով Ռումինիա մատակարարված 92 տոննա նավթն աղտոտվել է օրգանական քլորիդներով։  Նավթի մեջ քլորի պարունակությունն այնքան բարձր է, որ կարող է շարքից հանել սարքավորումները։  Բուխարեստում կարծում են, որ «նավթի աղտոտումը հնարավոր էր համեմատաբար պարզ ռուսական դիվերսիոն գործողության արդյունքում՝ 1700 կիլոմետր երկարությամբ նավթամուղու մեջ  քլորով լցված մի քանի ցիստերներ դատարկելով»: Ռումինիայի էներգետիկայի ոլորտում արտակարգ դրություն Է հայտարարվել։

Չեխիան  ևս Ադրբեջանից ստացել է աղտոտված նավթի խոշոր խմբաքանակ. խոսքը մոտ 60 հազար խորանարդ մետրի մասին է, որտեղ օրգանական քլորի պարունակության մակարդակը զգալիորեն գերազանցել է թույլատրելի ցուցանիշները: Աղտոտված նավթը Չեխիա Է հասել Տրանսալպյան TAL խողովակաշարով, որը միացված է իտալական ենթակառուցվածքին և IKL խողովակաշարին:

Ավելի վաղ «վարակված նավթի» հետ կապված նույն խնդրի մասին հայտնել էին ավստրիական OMV-ն, իտալական Eni-ն եւ բրիտանական BP-ն:

Հավելենք, որ ադրբեջանական նավթի գները կտրուկ նվազել են։

Leave a Comment