«Իրավունք»-ի տաղավարում հյուրընկալել ենք «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ եւ քննարկել տրանսպորտի թանկացման, նրան հաջորդող տուգանների արդիական թեման:
Ըստ Սուքիասյանի քաղաքացին կրկին, այս անգամ էլ, տրանսպորտի պատրվագով է դառնում տուգանքի մատերիալ:
«Հասարակությանը կրկին բաժանեցին երկու մասի՝ սեւ ու սպիտակի: Չմոռանանք վարորդների այն ձայնագրությունը, որը տարածվեց: Պարզ երեւում է, թե ինչպես էին վարորդների եւ քաղաքացիների մեջ կոնֆլիկտ մտցնում: Սա է ներկայիս իշխանության որդեգրած քաղաքականությունը»,- ասաց Սուքիասյանը:
«Իրավունք»–ի հարցին, թե ինչպես է շարունակելու «Մայր Հայաստան» խմբակցությունը իր բոյկոտը, արդեն այն դեպքում, երբ օրենքը մտել է ուժի մեջ՝ չվճարող քաղաքացին պետք է տուգանվի 15000 դրամի չափով, Մանուկ Սուքիասյանը ասաց, որ եթե կարիք զգան, ապա կդիմեն նաեւ իրավաբանների օգնությանը:
«Մենք այս պահին իրավաբանների հետ քննարկումներ ենք անցկացնում, թե քաղաքացիների վարքագծի իրավական զինանոցը ինչպիսին կարող է լինել, որովհետեւ մարդիկ այդ պահին կարող են անձնագիր չունենալ իրենց մոտ, այդ մարդուն ինչպե՞ս են ինդիֆիկացնելու: Եւ առհասարակ, օրենսդրական այդ փոփոխությունների համապատասխանությունը այլ՝ ավելի սահմանադրական օրենքների: Հարցը աչքաթող արված չէ, եւ մենք փորձելու ենք մեր քաղաքացիներին ինչ-որ զենք տալ, որ կարողանան իրենց շահերը պաշտպանել»,-ասաց Սուքիասյանը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ