«Պարի Սեն-Ժերմենը» պաշտոնապես հայտարարել է Լուկա Շևալյեի տրանսֆերի մասին: 23-ամյա ֆրանսիացի դարպասապահը, որը հանդես կգա 30 համարի մարզաշապիկով, պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը: Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ՊՍԺ-ն նրա համար վճարել է ավելի քան 40 միլիոն եվրո:
Շևալյեն ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 6-ին, Կալեում: Ֆուտբոլով սկսել է զբաղվել վեց տարեկանից՝ «Sporting Club Coquelles»-ում, այնուհետև խաղացել է «AS Marck»-ում մինչև 2014 թվականը, որից հետո միացել է «Լիլի» ակադեմիային: 16 տարեկանում նա մասնակցել է Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի հանդիպման «Էպինալի» դեմ: Երիտասարդական թիմերում ցուցադրած տպավորիչ խաղից հետո 2021 թվականին ընդգրկվել է «Լիլի» հիմնական թիմում՝ որպես երրորդ դարպասապահ և նվաճել Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը:
2021/22 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Վալենսյենում», որտեղ անցկացրել է 30 հանդիպում և ճանաչվել Լիգա 2-ի տարվա լավագույն դարպասապահ: Վերադառնալով «Լիլ», նա արագորեն դարձել է հիմնական դարպասապահ՝ 2022/23 մրցաշրջանում մասնակցելով 35 խաղի և 12 անգամ պահպանելով դարպասն անառիկ: 2023/24 մրցաշրջանում նա անցկացրել է 44 հանդիպում, այդ թվում՝ օգնելով «Լիլին» հասնել Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչ: Լիգա 1-ում նա մասնակցել է 34 խաղի, 11-ում պահելով դարպասն անառիկ՝ նպաստելով «Լիլի»՝ լիգայի երկրորդ լավագույն պաշտպանական ցուցանիշին՝ ՊՍԺ-ից հետո:
Շևալյեն արժանացել է Լիգա 1-ի տարվա դարպասապահի կոչման, իսկ «Ֆրանս Ֆուտբոլը» նրան առաջադրել է Լև Յաշինի մրցանակի՝ դառնալով այդ մրցանակին երբևէ ներկայացված ամենաերիտասարդ դարպասապահը:
Միջազգային ասպարեզում Շևալյեն հանդես է եկել Ֆրանսիայի բոլոր տարիքային հավաքականներում՝ սկսած Մ16-ից մինչև Մ21: 2023 թվականին նա եղել է Մ21 Եվրոպայի առաջնության հիմնական դարպասապահը, իսկ 2024 թվականի նոյեմբերին առաջին անգամ հրավիրվել է Ֆրանսիայի մեծահասակների հավաքական՝ Ազգերի լիգայի Իսրայելի և Իտալիայի դեմ խաղերի համար: 2025 թվականի մայիսին ընդգրկվել է Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի 25 հոգանոց կազմում:
«Պարի Սեն-Ժերմենը» ջերմորեն ողջունում է Լուկա Շևալյեին: Նա Ֆրանսիայի և Եվրոպայի առաջատար դարպասապահներից է և կարևոր համալրում է մեր երկարաժամկետ նախագծի համար», — նշել է ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին:
«Ես երեխա եմ, որն ապրում է իր երազանքը: Փոքր տարիքից երազել եմ խաղալ ամենաբարձր մակարդակով: Շնորհակալ եմ նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին, Լուիշ Կամպուշին, գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, մարզչական շտաբին և բոլոր նրանց, ովքեր նպաստել են իմ տեղափոխությանը ՊՍԺ: Ուրախ եմ այստեղ լինել և կրելու եմ այս մարզաշապիկը կրքով ու հավակնություններով», — ասել է Շևալյեն:
Նախորդ մրցաշրջաններում Շևալիեն «Լիլի» կազմում անցկացրել է 127 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցից 44-ում պահել է դարպասն անառիկ: Լիգա 1-ում նա մասնակցել է 34 խաղի, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 10 խաղի՝ բաց թողնելով 13 գոլ: Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո: