Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին L’Equipe-ին տված հարցազրույցում խոսել է Կլասիկոյի, հաջորդ մրցաշրջանի ակնկալիքների և իր թիմակիցների մասին։
2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ Պեդրին L’Equipe-ին և France Football-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է անցած մրցաշրջանին, Անդրես Ինիեստայի հետ համեմատություններին, «Ռեալ Մադրիդի» նկատմամբ չորս անընդմեջ հաղթանակներին և նախկին թիմակից Ուսման Դեմբելեի խաղին։ Ահա նրա հիմնական մտքերը․
Վերադարձ «Կամպ Նոու»
«Կամպ Նոուն մեզ համար շատ բան է նշանակում, մենք շատ կարոտել էինք այդ մարզադաշտը։ Այնտեղի մթնոլորտը լրիվ այլ է, քան Մոնժուիկում։ «Կամպ Նոուն» եզակի է, հատուկ։ Երբ փոքր էի, հեռուստացույցով տեսնում էի իմ սիրելի ֆուտբոլիստներին այնտեղ խաղալիս և միշտ երազում էի խաղալ այդտեղ։ Վերադառնալը իսկական նվեր է»։
Անցած մրցաշրջանը և ակնկալիքները
«Մենք երիտասարդ ու հավակնոտ թիմ ենք։ Շատ լավ մրցաշրջան անցկացրինք՝ մի քանի գավաթ շահելով։ Հիշողության մեջ մնաց նաև Չեմպիոնների լիգայից դուրս մնալը։ Ունեցանք մի փոքր անկում, բայց ընդհանուր առմամբ կայուն էինք։ Անձամբ ես հարմարավետ էի զգում, գտել էի այն շարունակականությունը, որ փնտրում էի։ Մարզիչը վստահում էր ինձ, ինչը շատ կարևոր է։ Այս մրցաշրջանում կփորձենք ավելի լավ խաղալ։ Նպատակը հստակ է՝ հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»։
Ֆլիկ
«Արտաքուստ Ֆլիկը շատ լուրջ է թվում, և երբեմն այդպես է։ Բայց իրականում նա մեր համար հոր նման է՝ միշտ լսում է մեր կարծիքները։ Նրան հաջողվեց փոխել թիմի մթնոլորտը, փոխանցել հաղթողի մտածելակերպ և ամեն պահի լավագույնը տալու ցանկություն»։
Մեսսի
«Լեոյի հեռանալը շատ ծանր էր ակումբի համար։ Ոչ ոք չէր սպասում։ Երբ իմացա, Ճապոնիայում էի Օլիմպիական խաղերում և չէի կարող հավատալ։ Նա ունակ էր գրեթե միայնակ հաղթել խաղերը։ Երբ նրան մի քանի խաղացող էին սեղմում, միշտ փորձում էի փոխանցել նրան գնդակը՝ վստահ լինելով, որ նա ավելի լավ կխաղա։ Մարզումներում նա աներևակայելի բաներ էր անում, որոնք միայն մենք՝ թիմակիցներս, էինք տեսնում։ Դա խենթություն էր»։
Կլասիկո
«Անցած մրցաշրջանից ամենակարևոր պահը իմ գոլն էր գավաթի եզրափակիչում։ Հատկապես հաճելի էր, որ ընտանիքս տրիբունայում էր։ «Ռեալի» դեմ հաղթելու դժվար ժամանակաշրջանից հետո չորս անընդմեջ հաղթանակը մեծ հպարտություն է։ Կլասիկոն շատ մեծ նշանակություն ունի երկրպագուների համար»։
Օլմո, Ֆերմին, Դե Յոնգ, Գավի և Կասադո
«Յուրաքանչյուրն իր դերը գիտի։ Մենք ունենք նույն խաղաոճը, և հեշտ է միմյանց գտնել։ Դեռ Չավիի, Ինիեստայի և Բուսկետսի մակարդակին չենք։ Հուսով եմ՝ մի օր կհասնենք, որովհետև նրանք շատ բան են տվել ակումբին և հավաքականին։ Փորձում ենք հետևել նրանց օրինակին»։
Լա Մասիա
«Բոլորը Լամինի մասին են խոսում, բայց կան նաև Կուբարսի, Ֆերմին… վերջին տարիներին առաջին թիմ են տեղափոխվել մի շարք երիտասարդներ, և նրանց մակարդակը տպավորիչ է։ Նրանք իսկապես մեր գույների սիրահարներ են ու տալիս են ամեն ինչ»։
Կայունություն
«Ուրախ եմ, որ վերականգնել եմ այս ռիթմը։ Իմ խաղը չի փոխվել, բայց մարմինս՝ այո։ Գտել եմ մարզումների ռեժիմ, որը ինձ հարմար է։ Հիմա վայելում եմ այս շարունակականությունը, քանի որ ցանկացած ֆուտբոլիստի նման ուզում եմ հնարավորինս շատ խաղալ»։
«Ոսկե գնդակի» թեկնածություն
«Պատիվ է տեսնել իմ անունը այդ ցուցակում։ Դա նշանակում է, որ աշխատանքս գնահատվում է ոչ միայն ակումբում և երկրպագուների կողմից, այլև ամբողջ ֆուտբոլային աշխարհի։ Ավելի հաճելի է, որ այնտեղ նաև իմ թիմակիցներն են»։
Լամին Յամալ
«Նա անհավատալի է։ Միայն 18 տարեկան է, բայց անում է բաներ, որոնք կարծես 10 տարի փորձ ունեցող ֆուտբոլիստն ունի։ Շատ հասուն է իր տարիքին համապատասխան՝ ինչպես դաշտում, այնպես էլ դրանից դուրս։ Լսում է, աշխատում է, ուզում է ամեն օր զարգանալ»։
Դեմբելե
«Երբեմն շփվում ենք։ Ուսմանը հիանալի մարդ է՝ միշտ ժպտացող, միշտ կատակող։ Դաշտում ուներ խելահեղ արագություն և դրիբլինգ։ Շատ բան եմ սովորել նրա հետ խաղալիս»։
Ինիեստայի հետ համեմատություն
«Անդրեսը ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպաններից է։ Ինձ համար պատիվ է, որ որևէ մեկը նմանություն է տեսնում իմ և նրա խաղի մեջ, բայց ես գիտեմ, որ նա եզակի է և կրկնելի չէ։ Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը»։