Փաշինյան. ԱՄՆ-ի ներկայությունն ակնհայտ է դարձնում, որ գործ ունենք շրջադարձային նշանակության համաձայնագրի հետ, որից հրաժարվելը ձեռնտու չէ կողմերից և ոչ մեկին

Արմինֆո.  ԱՄՆ-ի ներկայությունն ակնհայտ է դարձնում, որ գործ ունենք շրջադարձային նշանակության համաձայնագրի հետ, որից հրաժարվելը ձեռնտու չէ կողմերից և ոչ մեկին։ Վաշինգտոնում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ադրբեջանական կողմի՝ պայմանավորվածությունները չկատարելու հնարավոր ռիսկերի մասին հարցին:

 

Նա նշել է, որ կողմերի միջև համաձայնության ձեռք բերումը տեղի է ունեցել երկարատև և մանրամասն բանակցությունների արդյունքում, ինչը խոսում է այն մասին, որ դրանում առաջարկվող տեքստը և բանաձևը համապատասխանում են երկու երկրների շահերին: «Համապատասխանաբար, ինձ համար դժվար է պատկերացնել, որ դա մերժվի: Ինչի՞ համար: Որ ի՞նչ լինի»,- հարցրել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

 

Փաշինյանը հիշեցրել է, որ այժմ Հայաստանը լինելու է ապաշրջափակված, Ադրբեջանը Հայաստանի տարածքով հուսալի կապ է ունենալու Նախիջևանի հետ, Հայաստանն Ադրբեջանի և Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ է ունենալու Սյունիքի հետ, ինչպես նաև մուտք է ունենալու միջազգային երկաթուղային ցանց դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա, Չինաստան: “Այս նախագծով մենք կիրականացնենք վիթխարի տարանցիկ ներուժ, որը զգալի եկամուտներ կբերի երկու երկրների համար”, – ասել է Փաշինյանը,  նշելով, որ ձեռք բերված համաձայնությունից հրաժարվելու նպատակահարմարություն չի տեսնում: Նա ընդգծել է նաև, որ այժմ անհրաժեշտ է ոգևորված զբաղվել պայմանավորվածությունների և նախագծերի իրականացմամբ:

Leave a Comment