Արմինֆո. Ես արդեն ասել եմ, որ չեն եղել այնպիսի բանակցություններ, որտեղ մենք չբարձրաձայնեինք Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների մասին թեման։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վաշինգտոնում պատասխանելով հայկական լրատվամիջոցների հարցերին։
Ընդ որում, նա ընդգծել է, որ այդ հարցը քննարկվել է ամենաբարձր մակարդակով։ «Մանրամասների մեջ չեմ մտնելու, հաշվի առնելով անցյալի փորձը, ձեռնպահ կմնամ այդ բանակցությունների արդյունքների մասին ինչ-որ բան ասելուց։ Բայց, ցավոք, դեռ արդյունք չկա։ Այն, ինչ մենք սպասում էինք, տեղի չունեցավ։ Բայց այն, որ մենք աամենաբարձր մակարդակով այդ հարցերը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և բարձրացնելու ենք, դա ակնհայտ է”, – ասել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այդ հումանիտար հարցերը կարող են լուծվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պատմական առաջընթացի շրջանակում: Վարչապետը հաստատել է, որ խոսքը նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է: “Մենք չենք առանձնացնում, մենք հումանիտար հարցը դիտարկում ենք ընդհանուր համատեքստում։ Եվ ավելի վաղ մենք ունեինք նման դիրքորոշում ։ Այլ հարց է, որ դրանք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով լուծվել են մասամբ”, – ասել է նա, հավելելով, որ աշխատանքները շարունակվելու են այդ ուղղությամբ։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են 23 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ. Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: