Պատերազմի սկզբից ի վեր Կադիրովի ընտանիքը գրեթե 150 պարգև է ստացել. ամենաշատն ունի ինքը՝ Կադիրովը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը և նրա 29 մերձավոր ազգականները ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ստացել են 146 տարբեր պարգևներ և շքանշաններ: Նրանց պարգևները հաշվարկել է «Верстка» պարբերականը՝ հիմնվելով չեչենական իշխանությունների և լրատվամիջոցների հաղորդագրությունների վրա:
Կադիրովն ինքն ունի ամենաշատ պարգևները. 41 ամսից մի փոքր ավելի ժամանակահատվածում նրան շնորհվել է 31 մեդալ (ամբողջ ընտանիքի պարգևների ընդհանուր թվի 21,2%-ը): Այսպիսով, Չեչնիայի ղեկավարը պարգևատրվում է միջինը 40 օրը մեկ, նշում է պարբերականը:
Պարգևների քանակով երկրորդ տեղում է Չեչնիայի ղեկավարի որդին՝ Ադամը, որը հոր հնարավոր իրավահաջորդ է համարվում: Նա պարգևատրվել է 16 մեդալով և շքանշանով: Դրանց կեսը Կադիրովի որդին ստացել է երկու ամսվա ընթացքում՝ 2023 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին, երբ նա Գրոզնիի նախնական կալանքի կենտրոնում ծեծի էր ենթարկել բանտարկյալ Նիկիտա Ժուրավելին։
Երրորդ տեղում է Չեչնիայի ղեկավարի դուստրը՝ Այշատ Կադիրովան։ 2022 թվականի փետրվարից ի վեր նա արժանացել է 10 պարգևի։
Կադիրովների ընտանիքի պարգևների զգալի մասը՝ 82-ը, Չեչնիայի պետական և, հիմնականում, ներքին պարգևներ են։ Կադիրովը և նրա հարազատները ստացել են 30 մեդալ և շքանշան տարբեր գերատեսչություններից և նախարարություններից, որոնց մեծ մասը անվտանգության մարմիններ են (Ռուսաստանի Ազգային գվարդիա, Ներքին գործերի նախարարություն և Դաշնային քրեակատարողական ծառայություն)։
Կադիրովները ստացել են 21 պարգև կազմակերպություններից և հաստատություններից, 11-ը՝ Ռուսաստանի Դաշնության նշանակած Ուկրաինայի բռնակցված շրջանների (ԴԺՀ, ԼԺՀ, Խերսոնի և Զապորոժիեի մարզեր) վարչակազմերից, մեկը՝ Լիբիայի և մասամբ ճանաչված Հարավային Օսիայի իշխանություններից։

Leave a Comment