Իսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ, բայց չի պլանավորում կառավարել այն, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք չենք ուզում այն պահել։ Մենք ուզում ենք անվտանգության պարագիծ ունենալ։ Մենք չենք ուզում այն կառավարել։ Մենք չենք ուզում այնտեղ լինել որպես կառավարող մարմին», – նրա խոսքերը մեջբերել է Reuters-ը։ Նրա խոսքով՝ Իսրայելը ցանկանում է տարածքը հանձնել արաբական ուժերին, որոնք էլ կկառավարեն այն։
Գործակալությունը նշել է, որ Նեթանյահուն այս հայտարարությունն արել է օգոստոսի 7-ին նախատեսված Իսրայելի անվտանգության կաբինետի նիստից առաջ, որտեղ նախատեսվում է քննարկել Գազայի տարածքում վերահսկողությունը ընդլայնելու ծրագրերը։ Այս շաբաթվա սկզբին վարչապետը հանդիպել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրի հետ։ Գործակալությունը գրել է է, որ իսրայելցի պաշտոնյաները հանդիպումը բնութագրել են որպես լարված՝ նշելով, որ Զամիրը դեմ էր Գազայում գործողությունների ընդլայնմանը։ Իսրայելի զինված ուժերը ներկայումս վերահսկում են Գազայի հատվածի մոտ 75%-ը։
Իսրայելի գործողությունը Գազայի հատվածում սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից հետո, որը կազմակերպել էր պաղեստինյան «Համաս» խմբավորումը: Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ երկրում հարձակման հետևանքով զոհվել է մոտ 1200 մարդ, ավելի քան 240-ը պատանդ են վերցվել։ Վերջին տվյալների համաձայն՝ Համասը շարունակում է պատանդ պահել մոտ 50 մարդու, որոնցից մոտ 20-ը ողջ են։ Գազայի հատվածում իսրայելական զինվորականների գործողությունների հետևանքով զոհվածների թիվը, ըստ Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալների, գերազանցել է 61,000-ը։ Պաղեստինյան կողմը նաև հայտնում է գրեթե 200 մարդու մահվան մասին՝ սովից։
