Նախօրեին Էրեբունիում թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի հետ կապված միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։
Ինչպես ավելի վաղ գրել էինք՝ հղում անելով Shamshyan.com-ին, Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային ապակու վրա կրակոց է արձակվել։
Միջադեպի հետ կապված պարզաբանում ստանալու նպատակով «Նովոստի-Արմենիա» գործակալությունը հարցում էր ուղարկել ՆԳՆ մամուլի ծառայություն, որտեղից պարզաբանել են.
«Այս պահի դրությամբ կրակոցի հաստատված փաստ չկա»,- հարցմանն ի պատասխան ասել էր ՆԳՆ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Նովոստի-Արմենիան» միջադեպի պարզաբանման նպատակով հարցում է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե։
«Ավտոբուսի ապակու կոտրվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանությունը): Նշանակվել է հետքաբանական փորձաքննություն»,-նշվել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի պարզաբանման մեջ։