Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոնում հնարավոր է ստորագրեն փոխըմբռնման հուշագիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հնարավոր է, ուրբաթ փոխըմբռնման հուշագիր կնքեն Վաշինգտոնում, որը նպատակամիտված կլինի երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը։ Նման պնդում է անում Middle East Eye պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ի դեպ, հենց այս լրատվամիջոցն էր ավելի վաղ առաջինը հայտնել ԱՄԷ-ում երկու երկրների առաջնորդների հանդիպման վերաբերյալ։ 

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրման արարողության համար Սպիտակ տակ կհյուրընկալի վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին։ Middle East Eye-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ երկու երկրների առաջնորդները, ավելի շուտ, կստորագրեն «մտադրությունների մասին նամակ» (փաստաթուղթ խաղաղության շուրջ երկու երկրների պատրաստակամության վերաբերյալ՝ խմբ.), քան թե խաղաղության պայմանագրի սևագիր տարբերակ՝ Թրամփին տալով դիվանագիտական ևս մեկ հաջողություն։ Ըստ առկա տվյալների՝ Սպիտակ տանը Թրամփը սկզբում կընդունի Փաշինյանին, իսկ հետո՝ Ալիևին, որից հետո նոր կկայանա ստորագրման արարողությունը։

Middle East Eye-ը, հղում անելով իր մեկ այլ աղբյուրի, նաև գրում է, որ երկուշաբթի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը զանգահարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին ու տեղեկացրել այս հանդիպման մասին։ Թուրքական դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Ֆիդանը Բայրամովի հետ քննարկել է նաև երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետի աշխատակազմից Factor.am-ին ոչ հաստատել էին, ոչ էլ հերքել Վաշինգտոն Նիկոլ Փաշինյանի հնարավոր այցի մասին լուրը։ «Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, և տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։ Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որևէ հաղորդագրություն չենք հրապարակել և, հետևաբար, այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո»,- փոխանցել էին աշխատակազմից։

Lուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment