Կատալոնական «Բարսելոնայում» սկանդալային իրավիճակ է հասունանում։ Թիմի ավագ և հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հրաժարվել է ստորագրել իր վնասվածքի վերաբերյալ բժշկական եզրակացությունը, որը ակումբը պետք է ներկայացներ Լա Լիգայի բժշկական հանձնաժողովին։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» ցանկանում էր ապացուցել, որ գերմանացի դարպասապահի ապաքինումը կտևի չորս ամիս, ինչը թույլ կտար նոր խաղացող գրանցել։ Սակայն տեր Շտեգենը հաշտվելու մտադրություն չունի, ինչի պատճառով ակումբը դիմել է իրավաբանական բաժնին՝ պարզելու, թե արդյոք հնարավոր է կարգապահական միջոցներ կիրառել ֆուտբոլիստի նկատմամբ։ Ակումբը համարում է, որ այս որոշումը վնասում է թե՛ մարզական, թե՛ ֆինանսական շահերին։
Թեև «Բարսելոնան» գիտակցում է, որ տեր Շտեգենն իրավունք ունի չստորագրելու եզրակացությունը, ակումբում կարծում են, որ պայմանագրով նա ստանձնել է նաև որոշակի պարտավորություններ։ Սպորտային տնօրեն Դեկուն նախատեսում էր այս շաբաթ քննարկել հարցը դարպասապահի հետ, սակայն վերջինս հստակ հայտնել է, որ չի ստորագրի փաստաթուղթը։
Կողմերի լարված հարաբերությունները սկսվել են ավելի վաղ։ Ակումբի ղեկավարությունը տեր Շտեգենին տեղեկացրել է, որ այլևս նրան չի դիտարկում թիմում, նույնիսկ որպես փոխարինող դարպասապահ, և առաջարկել է նոր ակումբ փնտրել։ Սակայն գերմանացին, հաշվի առնելով 2026 թվականի աշխարհի առաջնությունը, մտադիր չէ հեռանալ։
Նշենք, որ տեր Շտեգենը վերջերս մեջքի վիրահատության է ենթարկվել։ Նրա այս քայլը խոչընդոտում է ակումբին նոր խաղացող գրանցել Լա Լիգայում, ինչը, «Բարսելոնայի» կարծիքով, լուրջ խնդիր է ստեղծում թիմի համար։