Արմինֆո. ՀՀ զինված ուժերի սերժանտական կազմի 19 զինծառայող անցյալ ամիս Կանզաս նահանգում էին՝ մասնակցելու սերժանտական վերապարտաստումների «Փյունիկ» դասակի 9-րդ ամենամյա ծրագրին Կանզասի ազգային գվարդիայի հետ։
Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության համաձայն, հուլիսի 14-ից 25-ը ՀՀ ԶՈՒ սերժանտական կազմի ներկայացուցիչները կատարելագործել են իրենց հմտությունները, ծանոթացել ամերիկյան լավագույն փորձին՝ միաժամանակ ամրապնդելով մեր ժողովուրդների միջև կապերը։
«Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ զինված ուժերի փորձի փոխանակման այս ամենամյա ծրագիրը, որը միտված է արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորմանը, գերազանց հնարավորություն է ամրապնդելու մեր զինված ուժերի փոխգործակցելիությունը և խորացնելու հայ-ամերիկյան գործընկերությունը», – ասվում է հաղորդագրությունում։