«Ինչքա՞ն կարանք օձերի մեջ ապրենք». Վարդաշենի հանրակացարանի բնակիչների բողոքի ակցիա են իրականացնում

Երևանի Էրեբունի շրջանի Վարդաշենի թաղամասի վթարային շենքերից մեկի՝ հանրակացարանի բնակիչները պահանջում են բարելավել շենքի 17 բնակարանների պայմանները: Նրանք այսօր այս պահանջով բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ:

«30 տարուց ավելի մենք ապրում ենք այնտեղ: Մարդ ենք, ինչքա՞ն կարանք օձերի մեջ ապրենք, արդեն տարբերում ենք իժը, գյուրզան, նստում ենք տանը, կռիսները գալիս են, իրենց գործողությունն անում են», – ասել է բնակիչներից մեկը:

Մյուսի խոսքով էլ՝ իրենց հիշում են միայն ընտրությունների ժամանակ, սակայն իրենց խնդիրներով իրականում հետաքրքրվող և դրանք կարգավորող չկա:  Շենքը 4-րդ կարգի վթարայնություն ունի:

«Ընդամենը 17 սենյակ է, ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել մեր շենքի վիճակով, իսկ պարոն Ավինյանը խոստացել է, որ երկու հանրակացարնների հետ բարելավում է լինելու», – հավելել է վարդաշենցիներից մեկը:

Նրանք այսօր պահանջում էին, որ քաղաքապետարանի որևէ պաշտոնյա իջնի և լսի իրենց: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձակուրդում է:

«Մենք էլ պիտի Վարդաշենի մյուս վթարային շենքերի բնակիչների նման փողոց փակենք, բողոքի ակցիա անենք։ Եթե Ավինյանը արձակուրդում է, թող նրա տեղակալներն իջնեն», – նշել է մեկ այլ բնակիչ։

Նրանք հավելել են, որ պատաստ են լսել իրավական հստակ պատասխան, նույնիսկ եթե նշվի, որ այս խնդիրը ենթակա չէ լուծման: Ակցիան այս պահին դեռ շարունակվում է: Այսօր դեռևս որևէ պաշտոնական պարզաբանում նրանց խնդրին չի տրվել:

Leave a Comment